«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ընտրել է իր կարիերայի լավագույն գոլը: Ինչպես հայտնում է «Lenta.ru» լրատվական կայքը, ռմբարկուն հայտարարել է, որ իր կարիերայի լավագույն գոլը խփել է 2009 թվականին Հռոմում կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակչում:
Հիշեցնենք, որ կատալոնցիները 2:0 հաշվով հաղթեցին «Մանչեսթր Յունայթեդին»: Արգենտինացին նաև հավելել է, որ լավագույն մարզիչը, որի ղեկավարությամբ հանդես է եկել, եղել է Խոսեպ Գվարդիոլան: Նա կապտա-նռնագույններին մարզել է 2008-2012 թվականներին:
32-ամյա Մեսսին «Բարսելոնայի» սան է և հանդես է գալիս այնտեղ ամբողջ կարիերայի ընթացքում: Ակումբի հետ ռմբարկուի այժմ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը: «Marca» մարզական պարբերականի տվյալներով, նա կստանա տարեկան 43 միլիոն եվրո: Ակումբի հետ միասին նա տասն անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, վեց անգամ` Իսպանիայի գավաթակիր և չորս անգամ հռչակվել է Չեմպիոնների լիգայի հաղթող: Բացի այդ, նա վեց անգամ ստացել է «Ոսկե գնդակ»:
