26.1 C
Yerevan
1 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 31.05.2023
Գլխավոր » «Փողոցային պայքարի հիմքեր ես չեմ տեսնում». «Ժառանգության» նախագահ
Հարցազրույցներ

«Փողոցային պայքարի հիմքեր ես չեմ տեսնում». «Ժառանգության» նախագահ

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի հետ Newarmenia.amը զրուցել է իրենց անելիքներից, կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի` ակտիվ քաղաքականություն վերադարձի մասին։

Պարոն Գրիգորյան, դատելով վերջին օրերին Րաֆֆի Հովհաննիսյանի` ԶԼՄերի հետ ակտիվ շփումներից եւ քաղաքական զարգացումներին արձագանքելուց` արդյոք նշանակո՞ւմ է, որ նա վերադառնում է ակտիվ քաղաքականություն եւ արդյոք կլինե՞ն կոնկրետ քայլեր, գործողություններ։

— Պարոն Հովհաննիսյանը քաղաքականությունից չէր հեռացել, ուղղակի հրապարակային գործունեության կոմպոնենտն էր իր մոտ մի փոքր պակասել։ Ներկուսակցական աշխատանքներում նա բավականին ակտիվ էր` թե որպես կուսակցության հիմնադիր անդամ, թե որպես կուսակցության անդամ։ Վերջին օրերին նրա հրապարակային ակտիվության ընդգծումը պայմանավորված էր Գյումրիում տեղի ունեցած մեր կուսակցության քաղխորհրդի նիստի հետ, որտեղ նա ընտրվեց քաղաքական խորհրդի նախագահ։ Վստահաբար, հաջորդիվ պարոն Հովհաննիսյանն այդ ակտիվության տեմպը կկարողանա պահպանել։

Երբեմնի ակտիվ կուսակցությունն այսօր բավականին պասիվացել է։ Որո՞նք են պատճառները եւ ինչպե՞ս եք պատրաստվում ակտիվացնել կուսակցական գործունեությունը։

— Հիշելով կուսակցության ակտիվությունը` պետք է նաեւ հիմք ընդունել, որ կուսակցությունը կանգնած էր հայաստանյան նոր իրողությունների ակունքներում, տարիներ շարունակ պայքարել ենք, որի արդյունքում էլ կյանքի է կոչվել նոր Հայաստանը։ Հիմա որոշակի թայմ աութ վերցրինք` հնարավորություն տալով գործող իշխանություններին հայաստանյան նոր իրողությունները կյանքի կոչել ինստիտուցիոնալ առումով։ Պահպանելով խորհրդապահական, խորհրդատվական խողովակները, բայց ցավ ապրելով, տեսնում էինք, որ ժամասլաքների որոշակի տարբերություն նկատվեց մեր և գործող իշխանությունների գործողություններում։ Որոշակի պասիվությունը դրանով է պայմանավորված։

Ի՞նչ նկատի ունեք` ժամասլաքների տարբերություն ասելով։

Նկատի ունենք, որ համաժողովրդական շարժման ընթացքում հարթակից տրված որոշ խոստումներ այդպես էլ կյանքի չեն կոչվել։ Դրանք վերաբերում էին նոր ԸՕ-ին, Սահմանադրական փոփոխություններին, «Կուսակցությունների մասին» օրենքին։ Ի վերջո, առանց առողջ քաղաքական դաշտի, տնտեսական տիրույթում փոփոխություններն այդքան էլ նկատելի չէին կարող լինել, քանի որ դրանց հնարավորությունը տեսանելի ապագայում շոշափելի չէր կարող լինել։ Այս պահին իշխանությունները սկսել են ԸՕ բարեփոխումների գործընթացը, ավելի ճիշտ` վերսկսել են, և մենք ողջունել ենք, մեր պատրաստակամությունն ենք հայտնել` մեր մասնակցությունն ունենալ, սակայն միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ վարչապետ Փաշինյանը հարթակից տրված իր հիմնական խոստումներից մեկը դեռ չի կարողանում իրականացնել` ԱԺ ընտրությունները պետք է տեղի ունենային Ընտրական նոր օրենսգրքի շրջանակներում։

Կարո՞ղ ենք ասել, որ «Ժառանգություն» կուսակցությունն այսօր դիրքավորված է` որպես ընդդիմություն։

— Դասական իմաստով, եթե իշխանության նկատմամբ որեւէ լծակ չունես, բնականաբար, ընդդիմադիր դիրքերից ես հանդես գալիս։ Միաժամանակ, սակայն, մենք մեզ գաղափարական ընդդիմություն չենք համարում, քանի որ իշխող քաղաքական ուժին համարում ենք նաև գաղափարական աջակից եւ գործընկեր կուսակցություն։ Ընդամենը մենք մեր դիտարկումներում փորձում ենք վերհանել այն խնդիրները, որոնք չեն տեղավորվում իրենց մշակած ռազմավարության մեջ եւ որոնք, ըստ մեզ, առավել կարևոր են։

Ձեր դիրքորոշումը, կարծես թե, համագործակցող քաղաքական ուժի դիրքորոշում է, քան ընդդիմադիր, մինչդեռ ձեր դիտարկումներն առավել նման են ընդդիմադիր ուժի արտահայտած մտքերի

— Մարտ ամսվա վերջին, երբ ես դարձա կուսակցության վարչության նախագահ, մենք հանդես եկանք երեք տասնյակից ավելի հայտարարություններով, որոնք վերաբերում են թե ներքին, թե արտաքին քաղաքական մարտահրավերներին։ Այդ հայտարարությունների զգալի մասն ընդդիմադիր ուղղվածություն են ունեցել, սակայն եղել են նաեւ ի աջակցություն գործող իշխանությունների։ Մենք որդեգրել ենք հետեւյալ մոտեցումը` լավին` լավ, վատին` վատ սկզբունքի շրջանակներում։ Մենք մեզ գործող իշխանություններին գաղափարական ընդդիմություն չենք համարում, շատ հարցերում նրանց գաղափարական աջակիցներն ենք։ Նրանց ընտրած գործիքակազմն ու մեր ունեցած պատկերացումները ՀՀ առաջ ծառացած մարտահրավերների դեմ պայքարելու առումով միայն որոշակի տարբերություններ ունեն։

Հնարավո՞ր է արդյոք այդ տարբերությունները վերաճեն փողոցային պայքարի կամ բողոքի ակցիաների այլ տարբերակների։

— Այս պահին մենք հանդես ենք գալիս` որպես ծրագրային գործողությունների կողմնակից։ Նախորդ տարիներին մեր հասարակությունը սովորել էր ապօրինի իշխանության դեմ փողոցային պայքարի գործիքակազմ կիրառել։ Քանի որ մենք այսօր ունենք քաղաքական եւ իրավական լեգիտիմություն ունեցող իշխանություն, մենք փորձում ենք ծրագրային այլընտրանքի միջոցով մեր գաղափարներն ու նպատակներն իրականացնել։ Այս պահին փողոցային պայքարի հիմքեր ես չեմ տեսնում։

Մոտ ժամանակներում ի՞նչ քայլեր, գործողություններ է նախատեսում «Ժառանգություն»-ը, որոնց ժամանակ մենք կտեսնենք ներգրավված նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին։

— Կուսակցության ցանկացած միջոցառման Րաֆֆի Հովհաննիսյանն ակտիվ ներգրավվածություն է ունենում, ուղղակի վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում ընտանեկան որոշակի խնդիրներից ելնելով` իր հոր առողջության հետ կապված, բացակայություն ուներ, սակայն այս պահին, փառք Աստծո, ամեն ինչ կարգին է և պարոն Հովհաննիսյանը ներգրավված կլինի կուսակցության ցանկացած գործողության։

Մամուլում շրջանառվում էին լուրեր, թե գործող իշխանությունը թուլանում է եւ դրանից փորձում է օգտվել Րաֆֆի Հովհաննիսյանը` դիրքավորվելով արմատական ընդդիմության շարքերում և սկսելու ակտիվ գործունեություններ այդ ուղղությամբ։

— Այդ լուրերն իրականության հետ որեւէ աղերս չունեն. մենք որևէ ինֆորմացիայի չենք տիրապետում, որ գործող իշխանությունը թուլացել է։ Ես կարծում եմ, որ քաղաքական և իրավական լեգիտիմություն ունեցող իշխանությունն իր երկրի ներսում չի կարող թուլանալ։ Մենք ծրագրային որևէ ընդհանրություն չունենք սև ու սպիտակի շրջանակներում ձևավորված ընդդիմադիր շարժման հետ։ Ես կարծում եմ, որ այդ շարժումը ՀՀ-ում այս պահին եւ ընդհանրապես որևէ ապագա ունենալ չի կարող, քանի որ այդ շարժման գործիչներից շատերը, ժամանակին լինելով իշխանություն, վատնել են հասարակության եղած և չեղած վստահության քվեն։ Եվ, ընդհանրապես, այս տարվա հունիսին մենք հայտարարեցինք, որ ցանկացած պրոցես պետք է դուրս լինի եռանախագահների եռանկյունուց և վերադարձ անցյալին չի կարող լինել։

Բեռնում.....