17.1 C
Yerevan
20 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 19.05.2023
Գլխավոր » Թուրքերը հարձակվում են նաև լրատվական դաշտում
Աշխարհ

Թուրքերը հարձակվում են նաև լրատվական դաշտում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում թուրքական ռազմական օպերացիայի սկզբից հետո արդեն վնասազերծված է 109 ահաբեկիչ: Այդ մասին հայտնում է «Ria novosti» լրատվական գործակալությունը:

«Երեկ սկսեցինք օպերացիան: Սկզբում հրետանին, ապա ավիացիան, ուշ երեկոյան մտան ցամաքային ուժերը: Այս պահի դրությամբ 109 ահաբեկիչ սպանված է, կան շատ վիրավորներ և գերի հանձնվածներ»,- ասել է թուրք առաջնորդը: Նրա խոսքերով, Սիրիայում սկսել են Թուրքիայի դեմ քարոզը, որ, իբր թե, ռմբակոծում է խաղաղ բնակիչներին: Էրդողանը դրան ի պատասխան հայտարարել է, որ, հակառակը, քրդերն են նման քայլի գնում և հավելել է, որ կտեղեկացնի հանրությանը իր յուրաքանչյուր քայլի մասին:

Ռեջեփ Էրդողանը նաև հայտարարել է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը չի վերածնվի Սիրիայի տարածքում թուրքական «Խաղաղության աղբյուր», ռազմական օպերացիայից հետո, իսկ գերի ահաբեկիչները բանտերից բաց չեն թողնվի: 

Թուրքիայի նախագահը նաև բացատրել է, թե ինչու իր երկիրն իրավունք ունի անցկացնել ռազմական օպերացիա Սիրիայում:

Էրդողանի խոսքերով, թուրքական զորքերը Սիրիայում են գտնվում Ադանայի համաձայնագրի շրջանակներում (Ադանայի համաձայնագիրը Դամասկոսի և Անկարայի միջև ստորագրվել է 1999 թվականին). «Այդ պայմանագրի համաձայն, եթե ռեժիմը միջոցառումներ չի ձեռնարկում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» դեմ, ապա մեր զինվորականներն իրավունք ունեն հետապնդել ահաբեկիչներին»: Ի պատասխան ԱՄՆ-ի սպառնալիքներին, թուրք առաջնորդն ընդգծել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկիր չի հրավիրել ամերիկյան բանակը: Բացի այդ, Սիրիայի օդային տարածքը նույնպես ԱՄՆ-ին չի պատկանում. «Իսկ եթե այն ԱՄՆ-ին չի պատկանում, ապա դրա օգտագործման հարցը նույնպես որոշվում է ռեժիմի կողմից (Բաշար Ասադի)»:

Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը պահանջել է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ, եթե այդ երկրի զորքերը շարունակեն հարձակումները Սիրիայի քրդական ուժերի դեմ:

Ըստ «Regnum» լրատվական գործակալության՝ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի  նստաշրջանը պետք է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ որոշում կայացնի: Նույնը պետք է անի նաև Եվրամիությունը»,- ասել է Օլանդը և հավելել, որ ՆԱՏՕ-ն պետք է «դադարեցնի» Թուրքիայի մասնակցությունը ՆԱՏՕ-ին:

«Քրդերը մեր դաշնակիցներն են, նրանք պայքարել են գրոհայինների դեմ, և Ֆրանսիան չի կարող թույլ տալ, որպեսզի նրանք սպանվեն»,- հավելել է Օլանդը:

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը նույնպես կոչ է արել անհապաղ դադարեցնել օպերացիան, քանի որ այն կասկածի տակ է դնում կոալիցիայի անվտանգությունը և հումանիտար ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում ու սպառնում է եվրոպացիների անվտանգությանը:

Եգիպտոսի արտգործնախարարությունը կոչ է արել Արաբական պետությունների լիգայի ղեկավարներին հրավիրել արտահերթ նստաշրջան` կապված Թուրքիայի գործողությունների հետ, քանի որ նրանք ոտնահարում են «արաբական եղբայր պետության» ինքնիշխանությունը:

Աշխարհի շատ երկրներ դատապարտել են Թուրքիայի ներխուժումը Սիրիա, իսկ ահա Քաթարի պաշտպանության նախարարը Թուրքիայի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ իր աջակցությունն է հայտնել Սիրիայում թուրքական զինուժի կողմից իրականացված օպերացիայի կապակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է «Ria novosti» լրատվական գործակալությունը:

Բեռնում.....