Թուրքիայի զինված ուժերը «Խաղաղության աղբյուր» ռազմական օպերացիայի ընթացքում վնասազերծել են 228 ահաբեկիչների: Այդ մասին, ըստ «INTERFAX.RU» լրատվական գործակալության, հայտնել է «Anadolu» լրատվական գործակալությունը:
Բավականին հետաքրքիր տեղեկություն է հայտնի դարձել թուրքական զինուժի, մասնավորապես Սիրիայում հայտնված տանկերի մասին: Դրանք, ըստ «Российская газета» թերթի, «Leopard 2A4 и М60А3» մակնիշի են և բավականին հնացած: Այդ տանկերը շատ անգամ մարտական գործողությունների են մասնակցել հարևան պետության տարածքում և, ինչպես միշտ, անհաջող: Գերմանական արտադրության այդ տանկերը, օրինակ, զգալի կորուստներ են կրել հակատանկային ուղղորդվող հրթիռներից: Դրանք ստացել են ճակատագրական վնասվածքներ, որոնք հիմնականում ավարտվել են պայթյունով և ամբողջական ոչնչացմամբ: Նույնն է վիճակը ամերիկյան «M60А3» տանկերի դեպքում, որոնք չունեն լրացուցիչ պաշտպանական միջոցներ և բավականին խոցելի են նույնիսկ հին RPG հրթիռային նռնակների համար:
Հերթական անգամ զարմանալի առաջարկ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա ցանկանում է միջնորդ դառնալ Թուրքիայի և սիրիական քրդերի միջև կոնֆլիկտի լուծման հարցում: Այդ մասին նա գրել է իր «Twitter»-յան էջում: Թրամփը պատմել է, որ ԱՄՆ-ը երկու տարբերակ ունի. հազարավոր զինվորականներ ուղարկել կոնֆլիկտի գոտի և տանել ռազմական հաղթանակ, լրջորեն հարվածել Թուրքիային պատժամիջոցներով կամ էլ դառնալ միջնորդ կոնֆլիկտի կողմերի միջև խաղաղ համաձայնության հասնելու համար: ԱՄՆ նախագահը ավելացրել է, որ «Թուրքիան և քրդերը մարտնչել են միմյանց դեմ 200 տարվա ընթացքում»:
Իսկ Սիրիայի ԱԳՆ աղբյուրը, լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կարծիք է հայտնել է, թե «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քողարկվում է մարդասիրությամբ, չնայած ինքն է սանձազերծել սպանդը և հարձակվում է Սիրիայի քաղաքացիական բնակչության վրա: Նա խոսում է սիրիական ժողովրդին պաշտպանելու մասին, երբ իր սեփական ձեռքերն արյունոտված են իր կողմից հովանավորվող ահաբեկիչների սպանած սիրիացիների արյամբ»:
ԱԳՆ աղբյուրը նաև հավելել է, որ Սիրիան արդեն բազմիցս դիմադրել է Անկարայի ագրեսիային և հիմա էլ պատրաստ է դրան` դիմելով բոլոր օրինական մեթոդներին ու միջոցներին. «Սիրիական ժողովրդի պաշտպանությունը միայն Սիրիայի արաբական բանակի և սիրիական պետության խնդիրն է»,- ասել է նա:
Իսկ պաշտոնական Դամասկոսը հայտարարել է, որ չի պատրաստվում բանակցություններ վարել քրդական ուժերի հետ, քանի որ նրանք «դավաճանել են երկրին» և Թուրքիային պատրվակ են տվել խախտելու Սիրիայի ինքնիշխանությունը: Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալա Միկդադին լրագրողներին մասնավորապես ասել է. «Մենք չենք համաձայնի որևէ երկխոսության կամ բանակցությունների գնալ նրանց հետ, ովքեր դարձել են օտարերկրյա ուժերի պատանդը: … Սիրիական տարածքում հենակետ չի լինի Վաշինգտոնի գործակալների համար»:
