25.1 C
Yerevan
9 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 08.06.2023
Գլխավոր » «Անհրաժեշտ է ագրեսիվ բանակցային մոտեցում, որն այս պահին չի երևում». Աշոտ Խուրշուդյան
Տնտեսություն և Բիզնես

«Անհրաժեշտ է ագրեսիվ բանակցային մոտեցում, որն այս պահին չի երևում». Աշոտ Խուրշուդյան

Հայաստանում տնտեսական զարգացումների, Համաշխարհային բանկի կանխատեսումների ու տնտեսական հեղափոխության հավանականության վերաբերյալ NewArmenia.am-ը զրուցել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ICHD) փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի հետ։

— Պարոն Խուրշուդյան, Համաշխարհային բանկը կանխատեսում է հրապարակել, որի համաձայն՝ Հայաստանում տնտեսական աճը 2019, 2020 և 2021 թվականներին կկազմի համապատասխանաբար՝ 5.5%, 5.1% և 5.2%: Համաձա՞յն եք այս գնահատականի հետ։

— Միջազգային կառույցները միշտ են կոնսերվատիվ և իրենց մոդելներում երկրին զամբյուղներով են նայում։ Հայաստանը նման երկրների զամբյուղում է, ոչ մի յուրահատուկ բան չեն դնում, գնահատում են ըստ առաջարկի ու պահանջարկի և այդ փոքր անկումը նույնիսկ իրենց կողմից դժվար բացատրելի է։ Ես կարող եմ ենթադրել, որ այս տարվա աճը ճշգրտված թվերով են մուտքագրել, իսկ այս տարի մենք որոշ գործոնների որոշակի աճ ունեինք, որ մյուս տարի չեն լինելու՝ միջնորդական ծառայությունների ոլորտ։ Մեր ՏԱՑ-ում ծառայությունների գծով աճն է մեծ և, քանի որ խոշոր նախագծեր չեն լինելու, ՀԲ-ն ոչ թե հաջորդ տարվա ցուցանիշն է ցածր գնահատել, այլ այս տարվա ցուցանիշը մի քիչ բարձր ճշգրտել է՝ ընդհանուր միտումը նույնը թողնելով․ այսինքն՝ 5%-անոց աճ։

— Իսկ ձեր գնահատականով՝ ի՞նչ աճ է սպասվում, տնտեսության ավելի մեծ զարգացման նախադրյալներ տեսնո՞ւմ եք։

— Եթե զուտ ՀՆԱ-ի աճով դիտարկենք, քանի որ կառուցվածքը խնդրահարույց է, ցուցանիշները ցույց են տալիս, որ անկումներ չունենք, հիմնական ոլորտները շարունակում են աճ ապահովել։ Բայց քանի որ Հայաստանում շուկան կապիտալիզացված չի, վերջին տարիների միտումը ցույց էր տալիս, որ տնտեսությունը շարունակվում է ֆինանսավորվել հիմնականում բանկերի կողմից և այն ցուցանիշը, որով կարելի է գնահատել մեր տնտեսության վիճակը, դա հենց բանկերի կողմից տրամադրված վարկերի միտումն է։ Այդ առումով մտահոգիչ է միտումը, որ առաջանցիկ աճ 2 ոլորտ է ապահովում՝ ֆիզիկական անձանց տրամադրվող հիփոթեքը և սպառողական վարկերը, որոնք շատ արագ են աճում՝ համեմատած մյուս ոլորտներին տրամադրված վարկերի։ Եվ դա ցույց է տալիս մեր տնտեսության կառուցվածքը, պահանջարկը հիմնականում ձևավորվում է սպառողական վարկերով, շինարարության ոլորտը հիփոթեքային վարկերով է շարունակում գոյատևել, և դա է դառնում տնտեսական աճի աղբյուր։ Իրական հատվածում, ցավոք, լուրջ փոփոխություններ առայժմ չեն երևում, որ դրանով պայմանավորված աճ կլինի։ Մնում է երրորդ բաղադրիչը, որ կառավարությունը կարևորում է, դա արտահանումն է, որն արդեն միջազգային շուկայից ու պահանջարկից է կախված և դժվար կանխատեսելի է։ Հայտնի է, որ մեր արտահանման մեջ առաջնային տեղ է գրավում հանքահումքային ոլորտը, և պղնձի միջազգային գինը կարող է էականորեն ազդել մեր ցուցանիշների վրա։ Ընդ որում՝ խոսքը զուտ ՀՆԱ ցուցանիշների մասին է, ոչ թե տնտեսության կառուցվածքի ու մարդկանց բարեկեցության։

— Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եվրոբոնդերի տոկոսադրույքի 3% նվազումը շատ լավ ազդակ է ներդրողների համար, նաև Հայաստանն ընդգրկվել էՏՀԶԿ/OECD օտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների առաջին տասնյակում, այսինքն՝ համարվում է, որ առկա սահմանափակումներն օտարերկրյա ուղղակի ներդրումների նկատմամբ մեծաքանակ չեն և ներդրումային դաշտը բավականաչափ ազատականացված է։

— Լուրջ ներդրողների համար դա կարևոր ցուցանիշ է։ Եվրոբոնդերի տոկոսադրույքը եթե համեմատում էինք Վրաստանի հետ, նրանց ցուցանիշն ավելի ցածր էր, քան մերը՝ քաղաքական գործոնով պայմանավորված։ Այսինքն՝ դա ակնհայտ ցուցիչ է, թե ինչպիսին են երկրում քաղաքական ռիսկերը։ ՀՀ-ում այդ ռիսկերն այժմ ցածր են գնահատվում։ Այդ առումով, իրոք, շատ լավ ցուցանիշ է և լավ ինդիկատոր։ Նման ցուցանիշները ներդրողներին ցույց են տալիս, թե ինչ վիճակ է տվյալ տնտեսությունում, որպեսզի երկարաժամկետ ներդրումներ փորձեն անել և կրկին գալիս ենք այն խնդրին, որ շուկան կապիտալիզացված չի, այսինքն՝ եթե կապիտալի ենթակառուցվածք չկա, դժվար է ներդրումներ փնտրել ենթակառուցվածքի միջոցով։ Մնում է ուղիղ բանակցային եղանակով ներդրումների ներգրավումը, որը նախագծերի տեսքով պետք է լինի։ Նախորդ բանակցությունների արդյունքները կտեսնենք հաջորդ տարի, իսկ եվրոբոնդերի տոկոսադրույքների նվազեցման արդյունքը նոր ներդրողների տեսքով կերևա շատ ավելի ուշ՝ 2021-22թթ-ին։ Մեր գերակա խնդիրն է դառնում կապիտալի շուկայի համար համապատասխան ենթակառուցվածք ստեղծելը, որն, իհարկե, չի նշանակում միայն կապիտալի շուկա, այլ ամբողջ ենթակառուցվածքը սպասարկող բոլոր պտուտակները պետք է աշխատեն՝ հարկային, ֆինանսական և այլն։ Ամեն ինչ փոխկապակցված է, շուկան ձևական չէ, պետք է իրական աշխատի:

— Դա երկարատև, բարդ գործընթա՞ց է, թե՞ հնարավոր է արագ կազմակերպել։

— Արագ հնարավոր է կազմակերպել, դրա համար անհրաժեշտ է ագրեսիվ բանակցային մոտեցում, որն այս պահին չի երևում: Այսինքն՝ ինքնահոս ձևով ինչ-որ պահի կարիքը կլինի, կստեղծվի, սակայն դանդաղ կգնա: Հայաստանին պետք է արագացում, իսկ դրա համար ես պատկերացնում եմ բավականին լուրջ տրամադրված բանակցային խումբ, որը պետք է բոլորի հետ ոչ թե ակտիվ, այլ ագրեսիվ բանակցի: Այսօր նման շուկայի կայացման համար այնպիսի տրիվիալ խնդիր ունենք, ինչպիսին, օրինակ, հաշվապահությունն է: Հայաստանում ստեղծվել է հաշվապահություն, որը միայն մի նպատակ ունի՝ ծառայել հարկային համակարգին: Ոչ մի ներդրողի նման հաշվապահություն պետք չի: Նույնիսկ փոքր բիզնեսը ստիպված երկրորդ հաշվապահություն է պահում, որպեսզի իրական տնտեսական պատկերը տեսնի: Եվ խոսքը չի գնում ստվերի մասին: Խոսքը մի ամբողջ մտածողության մասին է, որն աղավաղել է հաշվապահություն հասկացությունը, և որը ծառայում է ոչ թե իր ղեկավարին, այլ՝ հարկայինին:

— Այսինքն՝ այստեղ վարքագծի՞ փոփոխություն է անհրաժեշտ:

— Դա մտածողության փոփոխություն է և շատ լուրջ: Մենք չենք ունեցել այդ կարգի բիզես մտածողության կարիքը, որովհետև տնտեսության կառուցվածքը եղել է այլ՝ ուղղահայաց, կենտրոնացված, որտեղ կորպորատիվ ֆինանսական կառավարումը չի կարևորվել:

— Նիկոլ Փաշինյան ասում է, որ տնտեսական հեղափոխությունն արդեն սկսվել է, դրա հիմքն են կոռուպցիայի դեմ պայքարը, շուկաներում հավասարությունը, նաև Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը նույնպես հայտարարեց, որ իրավիճակ է փոխվել: Նշվածը բավարա՞ր հիմք է տնտեսական հեղափոխության համար և ի՞նչ սպասումներ կարելի է ունենալ:

— Ես հիմք չէի կոչի, նախադրյալ կկոչեի, այսինքն՝ այն, որ կառավարման մոդելը փոխվել է, ռենտա փնտրող կառավարչից անցում ենք կատարել դեպի ժողովրդավարական կառավարման համակարգ, իսկ դրանք լրիվ տարբեր մոդելներ են: Դա կարևոր նախադրյալ է, որպեսզի շուկան աշխատի, այսինքն՝ պետական ապարատն արդեն կոռուպցիոն, շահադիտական կամ խմբային շահերից ելնելով չի որոշումներ կայացնում, այլ պետք է ծառայի հանրությանը: Կրկնեմ՝ դա կարևոր նախադրյալ է, բայց բավարար չի, որովհետև շուկան աշխատելու համար լուրջ կանոններ կան՝ թե՛ մուտք գործելու հնարավորությունն է, թե՛ ինֆորմացիայի հասանելիությունն է: Անելիքները շատ են, Հայաստանի շուկայում գոյություն ունեն ուղղահայաց, ինտեգրված լուրջ տնտեսական գործիչներ, որոնց նախկինում օլիգարխներ էին կոչում, որոնք այնպիսի մասշտաբի առավելություն ունեն, որ փոքրերը չեն կարող մրցակցել նրանց հետ: Դա շուկայի խաթարում է, դա շուկայական հարաբերություն չի: Հաջորդ խնդիրը որակի վերահսկողությունն է, որ պետական մարմինները մոռացել են, համարում են, որ մրցակցությունը միայն գնի շուրջ է, բայց բավական է մտնել սպառողական շուկա և տեսնել՝ գրեթե բոլորը խախտում են պիտակի վրա գրվածը, այսինքն՝ ընդհանրապես վերահսկողություն չկա: Այդ պայմաններում ազնիվ մրցակցող ձեռներեցը սկսում է տուժել: Որակի ստանդարտի շատ լուրջ վերահսկողություն է պետք, հակամրցակցային հանձնաժողովը պետք է անալիտիկ վերահսկողություն իրականացնի, այդտեղ շատ աշխատանք կա: Հուսով ենք՝ շուտով տեղից կշարժվի:

Բավականին լուրջ խնդիրներ ունենք ներմուծման, լոգիստիկ ենթակառուցվածքների, բիզնեսին սպասարկող ոլորտի ենթակառուցվածքների հետ կապված և այլն, կարելի է շատ թվարկել: Եվ պարզապես կոռուպցիան վերացնելով ասել, թե շուկան կինքնակայանա, ես այդ մոդելը չեմ ընդունում, մենք այդ մոդեը 1990-ականների սկզբին էլ ենք տեսել: Շուկան ինքն իրեն չի կարող կայանալ, եթե այն արդար մրցակցային չկարգավորվի:

Բեռնում.....