«Իրականում Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը՝ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված հստակ է, նրանք հստակ արձագանքել են և՛ արտաքին գործերի նախարարի մակարդակով, և՛ ղեկավարության դեմքերի մակարդակով, ինչպես նաև զինվորականության մակարդակով»,- Newarmenia.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը։
Նրա խոսքով՝ այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ այսօր ԻԻՀ վիճակը մեղմ ասած այնքան էլ լավ չի․ ԱՄՆ տնտեսական ճգնաժամ, ներքին խնդիրներ և այլն, և հավելյալ լուրջ խնդիրների ԻԻՀ-ն պատրաստ չի լինի՝ ի դեմս Թուրքիայի ունենալ ևս մեկ թշնամի հատկապես տարածաշրջանում, այն պարագայում, երբ ԻԻՀ-ի գլխին սև ամպեր են կուտակված։
«Եվ իրեն անհրաժեշտ է տարածաշրջանում որոշակի երկրների նկատմամբ ունենալ վստահություն, որ տարածաշրջանային խնդիրների մեջ ներքաշվելու պարագայում նրանք, եթե չլինեն Իրանի կողմից, գոնե չեզոք լինեն։ Այսինքն՝ այս պարագայում ԻԻՀ-ին ձեռնտու չէ թշնամանալ Թուրքիայի հետ կամ հարաբերություններն էլ ավելի սրել, որովհետև իրեն անհրաժեշտ է Թուրքիայի հետ պահել բարիդրացիական հարաբերություններ»,- ասաց իրանագետը։
Գոհար Իսկանդարյանը նաև նշեց, որ երկրորդ հատվածով, ինչքան էլ Իրանը պատժամիջոցների տակ է, այնուամենայնիվ Եվրոպայի հետ ունեցած հիմնական առևտրաշրջանառությունն իրականացնում է Թուրքիայի տարածքով, ցամաքային ճանապարհով և ունենալով Թուրքիայի հետ այս ուղին, ևս փակվելու է և Իրանը շատ լավ դա գիտակցում է։
Իրանագետի հավաստմամբ՝ դրանից բացի Թուրքիայի և ԻԻՀ-ի առևտրաշրջանառությունը բավականին մեծ է, այն զբաղեցնում է ԻԻՀ ապրանքաշրջանառության մեջ առաջնային հորիզոններ։
«Այսինքն՝ այս ամեն ինչը զոհի հանուն Թուրքիայի գործողությունների, ես կարծում եմ, որ լուրջ քայլերի չի գնալու։ Հռետորական խոսակցություններ, քննադատություններ այս հարթության մեջ ԻԻՀ-ն անպայմանորեն ակտիվ կգործի, բայց ավելի լուրջ գործողություններ այս պահի դրությամբ գոնե, Իրանը շատ չի խորացնի»,- եզրափակեց իրանագետը։
