Մեկնարկել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքմենստան, որտեղ վարչապետը մասնակցելու է ԱՊՀ գագաթնաժողովին: Այսօր առավոտյան արդեն տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Թուրքմենստանի նախագահ Գուրբենգուլի Բերդիմուհամեդովի հանդիպումը, որտեղ պետությունների ղեկավարները դրական են համարել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ընթացքը և պատրաստակամություն հայտնել էլ ավելի զարգացնելու Հայաստանի և Թուրքմենստանի միջև փոխհարաբերությունները:
Այդուհանդերձ վարչապետի այցի առավել կարևոր դրվագը ոչ այնքան ԱՊՀ գագաթաժողովին մասնակցությունը կամ Գ. Բերդիմուհամեդովի հետ հանդիպումն է, որքան Ժամեր առաջ տեղի ունեցած երկկողմ հանդիպումը Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ, որը, հիրավի, կարելի է կոչել պատմական: Հայաստանի և Ուզբեկստանի ղեկավարների միջև մինչ այժմ որևէ պաշտոնական երկկողմ հանդիպում տեղի չի ունեցել, ու այդ պատճառով էլ այս հանդիպումը խոստանում է լինել պատմական և նոր էջ բացել երկու երկրների, ինչու չէ, նաև Հայաստանի և Միջին Ասիայի միջև հարաբերություններում:
Ուզբեկստանի դերը Միջին Ասիայի քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում դժվար է թերագնահատել, քանի որ այս երկիրն իր աշխարհագրական դիրքով, բնական հարստությամբ ու տնտեսական հնարավորություններով տարածաշրջանի առավել առանցքային երկրներից մեկն է: Մասնավորապես՝ գազի պաշարներով աշխարհում աբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ բնակչությունը կազմում է շուրջ 33 մլն մարդ:
Հետաքրքրական է, որ Ուզբեկստանի ղեկավարները հետխորհրդային շուրջ 30 տարիների ընթացքում առանձնապես մեծ հետաքրքրություն չեն ցուցաբերել Հայաստանի հանդեպ, սակայն այժմ, Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումով կարծես սառույցը հալվում է և Հայաստանը նոր համագործակցության հնարավորություններ է ստանում արևելյան ուղղությամբ:
Ուզբեկստանի նախագահն առաջարկել է քննարկել միջկառավարական հանձնաժողովի ձևավորման հնարավորությունը, ինչը ողջունել է Ն. Փաշինյանը: Այնուհետև, վերահաստատելով քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար ոլորտներում հայ-ուզբեկական գործընկերության զարգացման երկկողմ պատրաստակամությունը՝ զրուցակիցները քննարկել են այդ ուղղություններով համատեղ ծրագրեր նախաձեռնելու հնարավորությունները։
Նկատենք, որ միջկառավարական հանձնաժողովի ձևավորումն արդեն ռեալ քայլ է հայ-ուզբեկական հարաբերություններում և ենթադրում է փոխադարձ հետաքրքրվածություն, հարաբերությունների զարգացման շարունակականություն և դրանց՝ ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացում:
Հիշեցնենք նաև, որ օրերս՝ ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի երևանյան նիստից հետո Ուզբեկստանը պատրաստակամություն էր հայտնել անդամակցելու ԵԱՏՄ-ին: Այս առումով, հաշվի առնելով նաև Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահների հետ հանդիպումների փաստը, կարելի է ենթադրել, որ Հայաստանը հնարավորություն ունի դառնալու ԵԱՏՄ-միջինասիական երկրներ անցուդարձերում ակտիվ դերակատար և այն միջանցքներից մեկը, որով Ուզբեկստանը փորձելու է զարգացնել համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ:
