12.1 C
Yerevan
1 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 31.05.2023
Գլխավոր » Վարչապետ Փաշինյանի հակադարձումը Ալիևին արտաքին և ներքաղաքական համատեքստում
Վերլուծական

Վարչապետ Փաշինյանի հակադարձումը Ալիևին արտաքին և ներքաղաքական համատեքստում

Այսօր Աշխաբադում՝ ԱՊՀ անդամ-պետությունների ղեկավարների նիստի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին, որի ժամանակ նա դժգոհել էր, որ Երևանում տեղադրվել է Գարեգին Նժդեհի արձանը՝ հավելելով, թե հետխորհրդային տարածքում տեղադրվում են ֆաշիստներին հերոսացնող կոթողներ։ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, խիստ դատապարտել է Ադրբեջանի նախագահի ելույթը՝ բերել վերջինիս խոսքերին հակընդեմ պատմական փաստեր, իսկ Ալիևի ելույթն անվանել հայ ժողովրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ անհարգալից վերաբերմունք։

Վարչապետի հակադարձումը հաջողված էր մի շարք հանգամանքներով պայմանավորված։  Չնայած Իլհամ Ալիևը բավականին պատրաստվել էր իր ելույթին, փորձելով ներկայացնել Նժդեհի կերպարը պատմական շրջադարձերի՝ իրենց ձեռնտու բացասական ֆոնի վրա, այնուհանդերձ, վարչապետը հանպատրաստից, բայց շատ համարժեք պատմական փաստերով հակադարձեց նրան։ Մյուս կարևոր հանգամանքն այն էր, որ վարչապետը մատնանշեց հրավիրված նիստի իրական օրակարգը և դրանից չշեղվելու կարևորությունը։ Սրանով նա ոչ միայն սպառիչ պատասխան է տալիս, այլև փորձում է Ալիևին բերել ռացիոնալության դաշտ։

Ալիևի ելույթից կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական ղեկավարությունը սպառել է փաստարկված դիսկուրսի մեջ մտնելու նախկին հնարավորությունները և հակահայկականության նոր ձևաչափ է ընտրել։ Եթե նախկինում դա բացառապես Արցախի Հանրապետությանն ու դրանից ածանցյալ թեմաների վերաբերյալ կոշտ հռետորաբանությունն էր, ապա այժմ Ալիևը տեղափոխվում է այլ հարթություն, այս անգամ էլ փորձելով պատմության քառուղիներում նոր սադրանքներ փնտրել ՀՀ-ի դեմ։ Իր ելույթով Ալիևը փորձում է իր վրա սևեռել ուշադրությունը և հենց Նժդեհին ուղղված «ֆաշիստական» պիտակավորմամբ էլ փորձում կոնսոլիդացնել Հայրենական պատերազմում Գերմանիային հաղթած ԱՊՀ անդամ-երկրների դիրքորոշումները։ Սակայն պատմությանը հղում անելն Ադրբեջանի ղեկավարի կողմից այնքան էլ ճիշտ մարտավարություն չէր, քանի որ հենց այդ պատմությունն էր շատ անարդարություններ թույլ տվել հայոց բոլոր պետականությունների և հայ ժողովրդի հանդեպ, ինչն էլ ըստ արժանվույն կարողացավ հիմնավորել վարչապետը։

Վարչապետի պատասխանը հետաքրքրական էր նաև ներհայաստանյան հարթության մեջ։ Գրեթե բոլոր շրջանակները մեծ ակնածանքով ընդունեցին այս ելույթը, ինչը վկայում է դրա պետանակերպ դրսևորման մասին։ Սա այն սահմանն է, որ զատում է քաղաքականը ազգային-պետական գործելակերպից։ Մյուս կողմից այս ելույթը եկավ վիճարկելու նաև որոշ շրջանակների կողմից առաջ մղվող այն օրակարգերը, որ ներկա իշխանության ներկայացուցիչները հեռանում են ազգային հիմքերից, տոլերանտ են վերաբերում կամ չեն արձագանքում Ադրբեջանի տարբեր օղակների կողմից Հայաստանին ուղղված սառնալիքներին։

Բեռնում.....