Աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։ Նշենք, որ սա Հայաստանի և Ուզբեկստանի ղեկավարների նման ձևաչափով առաջին հանդիպումն է։ Թե ինչպիսի ազդեցություն կունենա այս հանդիպումը հայ-ուզբեկական հետագա կապերի զարգացման վրա, այս առնչությամբ մենք զրուցել ենք «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի հետ։
«Ես կարծում եմ, որ մենք ունենք տնտեսական հեռանկարներ զարգացնելու Ուզբեկստանի հետ, քանի որ Ուզբեկստանում՝ Կենտրոնական Ասիայում, ամենամեծ հայ համայնքն է ապրում և շատ հաջողակ հայ համայնք է և այդ հայ համայնքն էլ կարող է նաև կամուրջի դեր խաղալ երկու պետությունների միջև տնտեսական հարաբերությունները զարգացնելու ընթացքում։ Նաև պետք է նշել, որ Ուզբեկստանը չի մասնակցում հակահայկական ինչ-որ ծրագրերում, որոնք Թուրքիան և Ադրբեջանը փորձում են օգտագործել իրենց կազմակեպություններում, օրինակ Թուրքական խորհրդում, այնտեղ Ուզբեկստանը չկա։ Այս պարագայում ես կարծում եմ, որ մենք ունենք հեռանկարներ, բայց հիմնականում դա հենց տնտեսական ոլորտում է լինելու, քանի որ այս պահին Ուբեկստանը ոչ ԵԱՏՄ-ի, ոչ ՀԱՊԿ-ի անդամ չի հանդիսանում»,- ասաց փորձագետը։
Հարցին, թե հայ-ուզբեկական հարաբերությունների զարգացման միտումների հիմքերն արդյո՞ք դրվեցին Հայաստանում անցկացված ԵԱՏՄ-ի նիստով, փորձագետն ասաց, որ ԵԱՏՄ-ի՝ Հայաստանում անցկացված նիստը մեծ դեր խաղաց նաև այդ գործում։
Անդրանիկ Հովհաննիսյանը վստահ է, որ այդպիսի հանդիպումներ լինելու են ոչ միայն Ուզբեկստանի նախագահի հետ, այլև ապագայում Թուքմենստանի, Ղրղզստանի, Ղազախստանի և ինչու ոչ Տաջիկստանի նախագահների հետ։
Վերջինիս խոսքով մենք այդ պետությունների հետ ունենք հնարավորություն՝ զարգացնել տնտեսական հարաբերություններ, դա Հայաստանի համար մեծ շուկա է։
«Մոտավորապես 60-70 միլիոն մարդ է ապրում Կենտրոնական Ասիայում, և ես համոզված եմ, որ մենք կարող ենք զարգացնել հարաբերություններ՝ Կենտրոնական Ասիայի բոլոր պետությունների հետ, քանի որ ունենք նաև ծրագիր՝ «Հյուսիս-հարավ»-ը, և իրանական կողմը հենց նույն ԵԱՏՄ-ի գագաթնաժողովի ժամանակ առաջարկել է ծրագիրը որքան հնարավոր է արագ ավարտել, քանի որ կան պլաններ՝ միավորել այդ ծրագիրը, հետո դուրս գալ իրանական շուկայի վրա, որտեղից մենք ունենք այլ հնարավորություններ՝ դուրս գալ Կենտրոնական Ասիա»,-ասաց փորձագետը։
