«Բացարձակ նման մտադրություն չունեմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն՝ անդրադառնալով իր հրաժարականի լուրերին՝ կապված Նորաշեն համայնքի խնդիրների հետ։ Նա նկատեց, որ ապրում ենք իրավական երկրում, որտեղ ՏԻՄ օրենքը պահանջում է, որ երկու ամիսը մեկ պետք է ավագանու նիստ հրավիրել, իսկ Նորաշեն համայնքի ղեկավարը վեց ամիս նիստ չի հրավիրել։
«Վեց ամիս ավագանու նիստ չհրավիրելու դեպքում նրա լիազորություններն օրենքի ուժով դադարեցվում են, ինչպես էլ մենք վարվում ենք»,֊ ասաց նա։
Հարցին, եթե նիստ չի հրավիրվել, ինչպես է մարզպետարանի պաշտոնական կայքում տեղադրված այդ նիստերի արձանագրությունները: Սարգսյանը պատասխանեց, թե այդ ուղղությամբ ուսումնասիրություններ են ընթանում: Մարզպետն անդրադարձավ նաև հարցին, թե ինչու նախկին հանրապետականներն այս իշխանության օրոք նշանակվեցին պաշտոնների, օրինակ` Հունան Պողոսյանը` Սյունիքի մարզպետի պաշտոնում։
«Ոստիկանապետը, ուսադիր կրողը չի կարող լինել կուսակցության անդամ, այդ թվում՝ Հունան Պողոսյանը: Նա «Հանրապետական» կուսակցության անդամ չի եղել: Նա եղել է ՀՀ ոստիկան, սպա, գեներալ, և դա պետք չէ կապել «Հանրապետական» կուսակցության հետ»,-նշեց Սարգսյանը։
Դիտարկմանը, թե ներկայիս իշխանությունները նախկինում պնդում էին, որ ոստիկանությունը ծառայում է օրվա իշխանությանը, Գարիկ Սարգսյանն արձագանքեց. «Ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է, ժողովրդի ծառայողն է, և եթե ժողովրդի մեծամասնությունը քվեն տվել է մեր իշխանությանը, այսինքն` ծառայելով իշխանությանը` ծառայում են ժողովրդին»:
