ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծի վերաբերյալ ծավալվող բուռն քննարկումները չեն դադարում։
Քննարկումների կիզակետում շարունակում են մնալ «Գրականություն» առարկայի չափորոշիչներն ու ծրագրերը։ Ըստ որոշ ընդդիմախոսների՝ «Գրականություն» բառի կողքից հանվել է «Հայ» բառը, ուսումնական ծրագրում ընդգրկված են այնպիսի հեղինակներ, որոնք իրենց գործերով չեն նպաստում սովորողի մոտ հայրենասիրական զգացմունքների առաջացմանը և ամրապնդմանը։ Մամուլում նույնիսկ լուրեր շրջանառվեցին, թե առարկայացանկից դուրս են մնացել մեր պատմության ոսկեդարն ու միջնադարը, ինչի առիթով պարզաբանում տարածեց նախարարությունը՝ հերքելով այդ տեղեկությունը։
Ընդդիմախոսների կողմից հնչող կարծիքներում կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ այս չափորոշիչներից բացակայում է հայի ինքնության և հայրենասիրության հետ առնչվող ցանկացած խոսք ու գաղափար։
Որքանով են այս դիտարկումերը մասնագիտական և որքանով քաղաքական, թողնում ենք ընթերցողի դատին, սակայն, ուսումնասիրելով ՀՀ ԿԳՄՍՆ կայքում հրապարակված չափորոշիչները` հնարավոր է տեսնել, որ «հայկականությունը» ոչ միայն վտանգված չէ, այլև արտացոլված է բազմաթիվ առարկաներում:
Օրինակ՝ Արվեստ առարկայի ծրագրում միջին դպրոցի աշակերտին տրվում է հանձնարարություն համաշխարհային և հայկական՝ միևնույն ժամանակում ստեղծագործած արվեստագետների գործերի համեմատության և այդ կոնտեքստում հայկականի առանձնահատկությունների բացահայտման ու ընդգծման պահանջով։
Երաժշտություն առարկայի ծրագրերում կա այսպիսի հատված․ «Արժևորիր հայ ազգային երաժշտությունը, նյութական և ոչ նյութական ժառանգությունը, դառնաս նրա կրողը, պահպանողը և սերունդներին փոխանցողը»։
Ես և շրջակա աշխարհը առարկայի նպատակը բաժնում կետերից մեկում նշվում է, որ առարկան նպատակ ունի ձևավորել հոգեպես, ֆիզիկապես առողջ և ներդաշնակ զարգացող, ստեղծագործ, պատասխանատու վարքագծով և հայրենասեր քաղաքացու նկարագրով անձ։
Նմանատիպ օրինակները շատ են վերոնշյալ առարկաների չափորոշիչներում և ծրագրերում։ Ինչու ենք նշում վերոնշյալ, քանի որ մյուս առարկաների չափորոշիչներին մանրամասն չենք ծանոթացել և չենք կարող կարծիք հայտնել։
Հատկանշական է նաև այն և բերված օրինակներից էլ ակնհայտ է դառնում, որ համաշխարհայինը հաճախ հիմք է հանդիսանում հայկականի հետ համեմատելու, համաշխարհային և հայկական ստեղծագործությունների ընդհանրություններն ու տարբերությունները բացահայտելու համար, կարելի է ասել, համաշխարհայինը օգտագործվում է նաև միջոց հայկականը՝ իր առանձնահատկություններով ավելի լավ ըմբռնելու և ճանաչելու համար։
Բոլոր առարկաների չափորոշիչներին և ծրագրերին հնարավոր է ծանոթանալ այս հղումով և անել սեփական հետևությունները:













