Հոկտեմբերի 10-ին՝ կառավարության նիստում , ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ խաղողի մթերման սեզոնը մոտենում է ավարտին, իսկ որևէ աղմուկ, աղաղակ, դժգոհություն չկա:
«Սա, կարծում եմ, շատ հիշարժան փաստ է, որովհետև ես չեմ հիշում ոչ մի ժամանակ, որ խաղողի մթերման շրջանում կառավարությունն, այսպես ասած, սթրեսային և ցայտնոտային տեղեկատվություն չստանա: Ես մեզ բոլորիս շնորհավորում եմ այս կապակցությամբ, սա բավականին լուրջ հաջողություն է: Հույս ունեմ, որ այդպես կշարունակվի: Սա պատահականություն չէ ամենևին և կապված է այն գործողությունների հետ, որոնք մենք ձեռնարկել ենք անցյալ տարվանից՝ սկսած ՊԵԿ-ի միջոցով և քննարկումների արդյունքում: Կարծում եմ՝ սա շատ կոնկրետ և դրական արդյունք է: Հույս ունեմ, որ մենք արդեն գտել ենք ձևը, թե ինչ անել, որպեսզի խաղողի մթերման շրջանում արհեստական լարվածություն և գյուղացիների շահերի ոտնահարումներ տեղի չունենան»,- ասաց Ն.Փաշինյանը:
Այս պահի դրությամբ արդեն մթերվել է ավելի քան 160 հազար տոննա խաղող՝ մոտ 37 % ավելի, քան նախորդ տարի։ Խոշոր երեք մթերող ընկերությունները միասին մոտ 90 հազար տոննա խաղող են մթերել։ Կոնյակի համար մթերված խաղողի համար ֆերմերներին վճարվել է միջինում 150-155 դրամ 1 կգ համար, իսկ գինու խաղողի համար՝ 220-300 դրամ։
«Գլոբալ Ալկո» ընկերության փոխտնօրեն Համլետ Ասատրյանը Newarmenia.am-ի հետ զրույցում նշեց, որ մթերումների գործընթացը լավ է կազմակերպվել, հատկապես՝ իրենց ընկերությունում:
«Միայն և միայն մեր մթերման մեթոդի շնորհիվ գյուղացին մեքենաներով ու եղաններով հրապարակ չի գնացել, որովհետև անխտիր, ինչքան ներել են արտադրական հզորությունները, մթերել ենք և չենք սորտավորել: Իմ տպավորությունով՝ Հայաստանում միայն մենք էինք մթերում, մեզ մոտ հերթը կիլոմետրով էր: Մարդիկ ուրիշ տեղ չէին գնում, որովհետև կշեռքի մեջ չէինք խաբում, գումարը տեղում էինք վճարում, թվերը կլորացնում էինք հօգուտ գյուղացու»:
Ըստ նրա՝ գործարանը դեռ 5 օր կշարունակի մթերումը: Հ.Ասատրյանը վստահեցրեց, որ նախորդ տարվա համեմատ շատ ավելի է խաղող մթերվել, բայց հստակ թիվը կհրապարակեն հաշվարկներն ավարտելուց հետո: «Գլոբալ Ալկոն» խաղող մթերել է միջինում 150 դրամով: Փոխտնօրենի դիտարկմամբ՝ սա աշխարհում այս տարի ամենաբարձր գինն է, օրինակ՝ Վրաստանում 20 ցենտ է եղել, Իսպանիայում՝ 22 ցենտ, Մոլդովայում՝ 70 դրամի չափ, ընդ որում՝ գյուղացիներին գումարը տեղում է վճարվել:
«Արարատի» գինու գործարանի տնօրեն Սեդրակ Սարգսյանը ևս կարծում է, որ խաղողի մթերումների հետ կապված դժգոհությունների բացակայության պատճառը կազմակերպվածության բարձր մակարդակն է: «Վերջին 6-7 տարիներին դինամիկ աճ է եղել, բացաձակ որևէ խնդիր չենք ունեցել ո՛չ վճարման, ո՛չ մթերման հարցերում: Այս տարի մենք մտադրված շատ ենք մթերել, օրինակ՝ Երևանի կոնյակի գործարանը, որ շատ հզոր է ու ֆինանսական խնդիր չունի, 150 դրամով է մթերել, բայց մենք ուզում էինք ամենից շատ մթերել, դրա համար ի սկզբանե ավելի բարձր գին դրեցինք՝ 160 դրամ 1 կգ խաղողի համար: Անցած տարի 150 դրամ էինք վճարել: Վաղը մթերման վերջին օրն է: Անցած տարի ընդհանուր մթերել ենք 16-17 հազար տոննա խաղող, այս տարի կլինի ավելի քան 22 հազար տոննա: Եվ ամենակարևորը՝ վճարումը տեղում ենք կատարել»,- ասաց Ս.Սարգսյանը:
Նա մատնանշեց միայն մեկ խնդիր՝ արտադրության լիցենզավորումը շատ սխալ ձևով է արվում: Նախորդ կառավարությունն այն ժամանակ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի նախաձեռնությամբ փոփոխեց «Պետտուրքի մասին» օրենքը և խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների յուրաքանչյուր լիտրի (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) համար այս տարվա հունվարից գանձվում է լրացուցիչ 100 դրամ տուրք, ինչը սարսափելի թիվ է կազմում: Սարգսյանը նշեց, որ այս խնդրի մասին օրեր առաջ նամակ են ուղարկել կառավարություն՝ ահազանգելով, որ այս խնդիրը խոչընդոտում է կոնյակի արտահանմանը. «Այս ձևով խայտառակ լիցենզավորում չի կարող լինել»:
Խաղող արտադրողները նույնպես գոհ են մթերումներից: Արմավիր համայնքի ղեկավար Ռաֆիկ Մարգարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց համայնքում որևէ խնդիր չի եղել. «Գյուղացիները պայմանագրեր ունեն Պռոշյանի, Երևանի կոնյակի, Արագածոտնի գործարանների հետ և առանց որևէ խնդրի հանձնում են խաղողը՝ 140, 150, 210 դրամով՝ ըստ սորտերի»:
Մրգաշատ, Երասխ համայնքների ղեկավարներ Գևորգ Դանիելյանն ու Ռադիկ Օղիկյանը նույնպես նշեցին, որ որևէ խնդիր չի եղել:
«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանի տվյալներով նույնպես՝ խաղողի մթերումից բողոքներ չեն եղել. «Նախկինում շատ էին բողոքում, էս տարի ձայն չեղավ: Բայց, օրինակ, Արմավիրում 170-200 դրամով մեծածախ չի վաճառվել, գյուղացիները գերադասել են 150-ով հանձնել գործարաններին, Վայոց Ձորում գինու սորտերը 300 դրամով են ընդունել»:
