Սահմանադրական դատարանի հետ կապված ունենք ճգնաժամ ու այդ ճգանաժամի էություն այն չէ, որ այդտեղ այս կամ այն բովանդակությամբ որոշումներ են կայացվել այլ այն է, որ ՍԴ-ն հանրային վստահություն չի վայելում։ NewArmeni.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ Նրա կարծիքով՝ ՀՀ-ն պետք է ունենա այնպիսի ՍԴ, որ որոշումները սուբյեկտիվ գնահատականների չարժանանան։
«Պետք է ՍԴ որոշումները կասկածի տեղիք չտան, պետք է հանրությունը կասկած չունենա՝ անկախ նրանից, թե ինչ հարց է, ինչ բովանդակությամբ որոշում է։
Ներկայիս կազմով Սահմանդրական դատարանն ինչ որոշում ուզում է կայացնի, եթե հարցն ունի հանրային հնչեղություն, ապա հանրությունը կասկածի տակ է դնելու, մտածելու է, թե Հրայր Թովմասյանն ինչու է արել, ուզում է նախկիններին օգնել, ընկերների համար ֆինանսական խնդիր է լուծում և այլն»,- ասաց նա։
Պատգամավորի գնահատմամբ՝ ՍԴ որոշումներին հայաստանյան հասարակությունը չի վստահում։ Նրա խոսքով՝ մարդիկ կասկածի տակ են դնելու նույնիսկ ՍԴ կայացրած օրինական վճիռը։
«Ի վերջո, մեզ պետք է ունենալ Սահմանադրական դատարան, որը կունենա հանրային վստահություն, անկախ նրանից, թե ինչ որոշում կընդունի, ինչ բովանդակություն կլինի։ Մարդիկ պետք է ասեն, որ եթե ՍԴ-ն այս որոշումը կայացրել է, ուրեմն այդպես է պահանջում Սահմանադրությունը։ ՍԴ անդամները պետք է ունենան անբասիր կենսագրություն, որ բացի Սահմանադրության շահից այլ շահ չսպասարկեն, կյանքով ապացուցած լինեն, որ իրենք հավատարիմ են իրենց սկզբունքներին ու օրենքին»,- շեշտեց պատգամավորը։
Վահագն Հովակիմյանը շեշտեց, որ ՍԴ խնդիրը խորհրդարանը լուծելու է։ Պատգամավորը ՍԴ նախագահի լիազորությունների դադարցման պահանջով ՍԴ դիմելը ՍԴ-ի նկատմամաբ վստայության բարձացման քայլ է համարում։
«Համոզված եղեք՝ խորհրդարանը լուծելու է, որովհետև առանց դրա մենք չենք կարող մեծ քայլերով առաջ գնալ, քանի որ հանրային վստահութուն չունեցող ՍԴ-ի պարագայում մենք խնդիրներ ենք ունենալու»,- եզրափակեց Վահագն Հովակիմյանը։
