Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սիրիայի հյուսիսում օպերացիայի սկզբից քրդական կազմավորումների 525 անդամների չեզոքացման մասին:
Այդ մասին տեղեկացնում է «Ria novosti» լրատվական գործակալությունը:
Ամենաքիչը 17 թուրք զինվորական է զոհվել շաբաթ երեկոյան սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերի հետ Ռաս էլ-Այնի սահմանային քաղաքի մոտ մարտերի ժամանակ: Հայտնել է Թուրքիայի անվտանգության մարմինների աղբյուրը: Նրա խոսքով՝ թուրք զինվորների մեծամասնությունը զոհվել է նշանառուների գնդակից, ևս յոթն էլ վիրավորվել է:
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը դատապարտել է կիպրոսցի թուրքերի առաջնորդ Մուստաֆա Աքինջիի հայտարարությունը Սիրիայի հյուսիսում թուրքական «Խաղաղություն աղբյուր» օպերացիայի վերաբերյալ: Աքինջին հայտարարել է, որ «եթե նույնիսկ դա «Խաղաղության աղբյուր» է, ապա դրանից ոչ թե ջուր, այլ արյուն է հոսում»: Նա կոչ է արել որքան հնարավոր է արագ կարգավորել կոնֆլիկտը դիվանագիտության և երկխոսության միջոցով:
Օքթայը «Twitter»-ում գրել է. «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ինքնահռչակ) նախագահ Մուստաֆա Աքինջին արել է հայտարարություն, որով չի աջակցում Թուրքիային ՔԲԿ-ի դեմ նրա արդարացի պայքարում: Վճռականորեն դատապարտում եմ Աքինջիին, որը չի նկատում, որ «Խաղաղության աղբյուր» օպերացիան անցկացվում է տարածաշրջանի կայունության համար` ընդդեմ արյունարբու ահաբեկչական ՔԲԿ կազմակերպության»:
Սիրիայում թուրքական օպերացիայի արդյունքում կարող է ստեղծվել «անտանելի մարդասիրական իրավիճակ», և դա թույլ չտալու նպատակով Ֆրանսիայի ու Գերմանիայի առաջնորդները ԱՄՆ-ի և Թուրքիայի գործընկերների հետ քննարկել են այդ խնդիրը:
Այս մասին, «Ria novosti» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ընթացքում:
«Թուրքիայի օպերացիան Սիրիայում, իհարկե, մեր անհանգստության կենտրոնում է: Վերջին ժամերին մեզնից մեկը խոսել է նախագահ Թրամփի, մյուսը` Էրդողանի հետ, և տեղ ենք հասցրել մեր հստակ, ընդհանուր ցանկությունը, ուղերձը` դադարեցնել այդ հարձակումը»,- ասել է ֆրանսիացի առաջնորդը: Նա նշել է նաև, որ իրենք համոզված են՝ այդ օպերացիան «մի կողմից կարող է առաջացնել անտանելի մարդասիրական իրավիճակ, իսկ մյուս կողմից` նպաստել ԻՊ-ի ամրապնդմանը տեղերում»:
Թուրք առաջնորդ Ռեջեփ Էրդողանը հայտնել է, որ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսային բանակցությունների ժամանակ առաջարկել է նրան ընտրություն կատարել Անկարայի և քրդերի միջև:
«NTV» հեռուստաընկերության եթերում Էրդողանը պարզաբանել է, որ արտահայտել է իր դժգոհությունը գերմանական ԱԳՆ-ի հայտարարության կապակցությամբ: Տեղեկացնում է «АиФ» պարբերականը, ապա շարունակում: Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը մտադիր է դադարեցնել Անկարային զենքի մատակարարումը: Էրդողանը հիշեցրել է Մերկելին, որ Անկարան և Բեռլինը ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներ են, և առաջարկել է կանցլերին ընտրություն կատարել Թուրքիայի և ՔԲԿ-ի միջև, որի դեմ Անկարան անցկացնում է ռազմական օպերացիա Սիրիայի հյուսիսում:
Թուրքիան որևէ խնդիր չունի Ռուսաստանի հետ` կապված Սիրիայում «Խաղաղություն աղբյուր» ռազմական օպերացիայի հետ: Հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով՝ Անկարայի և Մոսկվայի միջև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները շարունակում են կատարվել, և այդ իսկ պատճառով Ռուսաստանի հետ «ոչ մի խնդիր չկա»: «Իսկ եթե դրանք ի հայտ են գալիս, ապա ես ու Պուտինը զանգահարում ենք միմյանց 24 ժամվա ընթացքում և դրանից հետո ընդունում ենք համատեղ քայլեր»,- ավելացրել է Էրդողանը:
Մինչ գերտերությունների ղեկավարները հեռախոսազրույցով են զբաղված, սիրիական կառավարությունը կոնկրետ քայլ է ձեռնարկել: Սիրիական պետական «САНА» գործակալության փոխանցմամբ՝ սիրիական կառավարական զորքերը սկսել են ռազմական ուժերի տեղափոխությունը երկրի հյուսիս, որտեղ անցկացվում են թուրքական բանակի և նրա դաշնակից ուժերի ռազմական գործողությունները:
«Սիրիական բանակի ստորաբաժանումները սկսել են շարժվել դեպի հյուսիս՝ դիմակայելու թուրքական ագրեսիային»,- գրում է պետական գործակալությունը:
