Հոկտեմբերի 11-ին՝ վրաց-հայկական սահմանի «Նինոծմինդա-Բավրա» անցակետում Epress.am-ի լրագրողներին արգելել են մուտք գործել Վրաստան՝ նրանց ավելի քան 4 ժամ պահելուց հետո։
Այդ մասին Newarmenia.am-ի հետ զրույցում ասաց Epress.am-ի լրագրող Յուրի Մանվելյանը։
Նա պատմեց, որ իրենց ասել են սպասել, կստուգեն, կտեսնեն, եթե որևէ պրոպագանդիստական հարցերով չեն գնում, բաց կթողնեն, սակայն հետո եկել և ասել են, որ տեխնիկայով չի կարելի մուտք գործել Վրաստան։
«Բայց ոչ մի հատուկ տեխնիկա չկար, փոքր տեսախցիկ, միկրոֆոններ, ասեցին նույնիսկ նոթբուքը չի կարելի։ Մենք իրենց ասեցինք, որ 1,5 ամիս առաջ նույն տեխնիկայով գնացել ենք Վրաստան թողել են, մեզ ասեցին, որ իրավիճակ է փոխվել։ Ես ասեցի՝ գրավոր ինչ-որ ձևով կարող են հիմնավորել, թե ինչու են արգելում մեզ, հետո մեկ այլ սահամապահ եկավ մեզ ասեց, ուզում եք անցեք Հայաստան, թողեք տեխնիկան ու էլի հետ եկեք։ Անցանք Հայաստան, գտանք մեկին, որը թույլատրեց մեր տեխնիկան թողնել իր կաբինետում հետ եկանք, մեկը մեզ ագրեսիվ տոնով ասաց, դուք չհասկացա՞ք, որ ձեր մուտքը Վրաստան արգելված է։ Ասեցին, որ այն ղեկավարը, որն այդ որոշումը կայացրել է, ինքն իր որոշումը չի փոխելու»,- ասաց Յուրի Մանվելյանը։
Նա նաև սահմանապահներին տեղեկացրեց, որ Վրաստանում վրացի լրագրողներ են սպասում իրենց, և առաջարկել է նրանց հետ զրուցել հեռախոսով, սակայն սահմանապահները հրաժարվել են խոսել։
«Հետո մեզ հարցնում են դուք հավատարմագիր ունե՞ք։ Մենք հարցնում ենք, թե ինչի հավատարմագիր, մենք ոչ մի հատուկ օբյեկտ չենք գնում, ընտրությունների ընթացք լուսաբանելու չենք գնում, ընտրատարածք չենք մտնում, ինչ հավատարմագիր, ո՞վ է տալիս այդ հավատարմագիրը։ Ասեցին չէ, չեք մտնելու առանց հավատարմագրի»,- ասաց Յուրի Մանվելյանը։
Վերջինս նաև ասաց, որ միջադեպի վերաբերյալ իրեն է զանգել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը, որը հայ-վրացական բարեկամության խմբի անդամ է և ցանկացել է տեղեկանալ միջադեպի մասին։
Այս առնչությամբ մենք նաև զրուցել ենք Վահագն Թևոսյանի հետ։
Նա ասաց, որ պատճառի մասին դեռևս հայտնի չի, բայց ինքը զանգել է Յուրի Մանվելյանին, որպեսզի ճշտի գուցե ինչ-որ չափազանցություն կա և վստահ լինելու համար՝ ինչպես է իրականում եղել ամեն ինչ։
«Այս թեմայով քիչ առաջ խոսեցի մեր բարեկամական խմբի ղեկավար Լենա Նազարյանի հետ։ Նա ինքն էլ էր տեղյակ և պատրաստվում էր համապատասխան օղակների հետ կապվել, մեր դեսպանի հետ է պատրաստվում խոսել, հասկանալ խնդիրը։ Ես ենթադրում եմ, որ դա որոշակիորեն կապ կարող է ունենալ հենց կոնկրետ անցակետով, պայմանավորված՝ Ջավախքում իրենց պատկերացրած հնարավոր անջատողական տրամադրություններ սերմանելու, ինչ-որ ռեպորտաժների հետ կապված և այլն»,- ասաց Վահագն Թևոսյանը։
Նա նաև նշեց, որ ինքը տեղյակ չի՝ դա առանձին վերցրած մաքսավորի կամայականություն է, թե նման հանձնարարություն կա, որը թերի է կատարվել։ Այդուհանդերձ, պատգամավորը կարծում եմ, որ խնդիրը իրենք կպարզեն, բայց արժի նաև, որ ինչ-որ հատուկ օղակներ լինեն, որոնք կկարողանան բացատրել այդ ընթացքում, որ լրագրողները գնում են աշխատելու և ոչ մի վտանգավոր բան այդտեղ չկա։
