Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի քաղաքապետի ընտրություններում, որոնք անցկացվեցին կիրակի օրը, հաղթանակ է տարել ընդդիմությունը: Ձախ կենտրոնամետների 44-ամյա թեկնածու Գերգեյ Կարաչոնը, նախնական տվյալներով, հավաքել է ձայների 50 տոկոսից մի քիչ ավելին: Իշտվան Տարլոշը, որը զբաղեցնում էր քաղաքի ղեկավարի պաշտոնը 2010 թվականից, ստացել է 45 տոկոս ընտրողների աջակցությունը: Այդ մասին տեղեկացնում է «Դոյչե Վելե» պարբերականը:
Հիշեցնենք, որ Տարլոշը «Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցության ներկայացուցիչն է, որը ղեկավարում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Տարլոշը հրապարակայնորեն շնորհավորել է Կարաչոնին Օրբանի ներկայությամբ: «Կառավարությունը հարգում է Բուդապեշտի բնակիչների որոշումը»,- հայտարարել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչը մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ես կցանկանայի Բուդապեշտի և կառավարության հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի: Մենք պատրաստվում ենք ոչ թե պատերազմի, այլ համատեղ շինարարության»,- հայտարարել է Կարաչոնը:
Բացի Բուդապեշտը, ընդդիմության միասնական ուժերը հաղթել են տեղական ընտրություններում Հունգարիայի 23 քաղաքներից 10 խոշորում, մասնավորապես՝ Միշկոլցեում, Պեչեում և Դունաույվարոշում: Վիկտոր Օրբանի կուսակցության համար, որը հաղթել է բոլոր խոշոր ընտրություններում՝ սկսած 2010 թվականից, սա առաջին զանգվածային պարտությունն էր: Վարչապետը հայտարարել է, որ պարտություն կրած Տարլոշը կդառնա իր խորհրդականը:
