ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը վերջերս անդրադարձել էր տնտեսական ցուցանիշներին և մի քանի հակասություններ մատնանշել. մասնավորապես՝ հունվար-օգոստոսին ՏԱՑ-ն աճել է 7%-ով, իսկ բեռնափոխադրումները պակասել են 54%-ով, շինարարությունն ավելացել է 4.4%-ով, մինչդեռ ապրանքային բետոնի արտադրությունը պակասել է 12%-ով, նաև պակասել է էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 3.5%։ Միաժամանակ Հ.Բագրատյանը բացասական էր գնահատել 1.8% գնաճը՝ նշելով, որ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման գնաճի պայմաններում տնտեսական լուրջ աճ հնարավոր չէ։
Newarmenia.am-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին խնդրեց մեկնաբանել այս հակասությունները: Նրա դիտարկմամբ՝ ՀՀ-ն էլեկտրաէներգիա է արտադրում և արտահանում Իրան՝ գազի դիմաց, իսկ այս տարի ստանում ենք նախորդ տարվա համեմատ ավելի քիչ գազ, հետևաբար՝ արտադրությունն ու արտահանումն էլ համապատասխանաբար նվազել է:
Նախարարը նշեց, որ եթե այդ ծավալները տեղափոխենք ընդհանուր էլեկտրաէներգիայի արտադրության մեջ, ապա այդպիսի հակասություն չկա: Ընդ որում, Տ.Խաչատրյանի խոսքով, էլեկտրաէներգիայի դեպքում գործոնները միայն դրանք չեն, վերլուծությունը մինչև վերջ ճշգրիտ լինելու համար պետք է առանձնացնել բնակչության և արտադրության սպառումը. «Գիտենք, որ կան ավելի էներգախնայող տեխնոլոգիաներ և մցրունակությունը պահանջում է, որ տնտեսվարողները լինեն ավելի խնայող: Կարծում եմ՝ այդ գործոնը նույնպես պետք է հաշվի առնել»:
Տ.Խաչատրյանը նշեց, որ Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանը չի աշխատում բնապահպանական խնդիրների պատճառով, այսինքն՝ նման միավորի կյանքից դուրս գալու պատճառով ևս կարող է տեղի ունենալ նման կառուցվածքային փոփոխություն էլեկտրաէներգիայի սպառման ցուցանիշներում:
«Հիմնավոր չէ եզրակացությունը, որ այդ վերլուծության արդյունքում Հ.Բագրատյանը կայացրել է, որ թվերը ճիշտ չեն: Թվերը ճիշտ են, և համոզվածություն ունենալու համար պետք է բոլոր թվերը վերլուծել»,- ասաց Տ.Խաչատրյանը:
Ըստ նրա՝ շինարարության մեջ բետոնը միակ արտադրական գործոնը չէ, օրինակ՝ ջերմոցների շինարարության մեջ բետոն չի պահանջվում, երկաթյա կոնստրուկցիաներով են կառուցում, այսինքն՝ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ևս կարող են լինել նման ազդեցություններ. «Համապատասխանաբար՝ մենք որևէ հակասություն չենք տեսնում»:
Բեռնափոխադրումների մասով Տ.Խաչատրյանը հայտնեց, որ հանձնարարել է ուսումնասիրել:
Անդրադառնալով գնաճին՝ նախարարը նշեց, որ որքան այն մոտ լինի նպատակային թիրախին, այնքան ավելի խթաններ կլինեն արտադրական ռեսուրներին մրցելու համար: «Այո, մենք կցանկանայինք, որ գնաճը մոտ լիներ պլանավորվածին, բայց դա նույնպես բազմագործոն է»,- ասաց Տ.Խաչատրյանը՝ նկատելով, որ դեռ ժամանակ կա և գնաճը կարող է մինչև տարեվերջ մոտենալ նպատակադրված ցուցանիշին՝ 4.5±1.5%:
Մեր դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ցածր գնաճը ներկայացնում է որպես դրական ձեռքբերում, ինչպիսի՞ն է կառավարության դիրքորոշումը, նախարարը պատասխանեց, որ հարցի 2 կողմ պետք է առանձնացնել՝ սոցիալական նշանակությունը, որ եթե գնաճը բարձր չի, սոցիալական այն խմբերը, որ գործ ունեն կայուն եկամուտների չափի հետ, պաշտպանված են, բայց տնտեսական տեսանկյունից կարևոր է, որ գնաճը դուրս չգա նախանշված ցուցանիշից. «Կարծում եմ՝ 3-4%-ը նորմալ է»:
