Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերն ավելի են, քան նախորդ տարի: Ինչպես այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, տարին կամփոփվի, այն ժամանակ կերևա վերջնական ցուցանիշը:
«Չենք կարծում, որ նվազում կլինի, ինչպես և 6 ամսում է: Սակայն ցուցանիշները մեզ չեն բավարարում: Չի կարող Հայաստանի տնտեսության մեջ լինել ՀՆԱ 17տոկոս ներդրում, և դա համարվել բավարար»,- ասաց Տ.Խաչատրյանը:
Ըստ նրա՝ բոլոր ուղղություններով կատարվող աշխատանքները նպատակ ունեն բարձրացնել բիզնեսով զբաղվելու գրավչությունը:
«Կառավարությունը երկարաժամկետ առումով թիրախավորում է առնվազն 10% տնտեսության աճ և այսօրվա 7% բավարար չէ: Բոլոր գործիքներով պետք է նպաստենք դրան: Բարձր տնտեսական աճի հիմքը բարձր պոտենցիալն է, որին նպաստում են ներդրումները: 28-30% ՀՆԱ նկատմամբ ներդրումներ պետք է ունենանք՝ ՀՆԱ 10% աճ ապահովելու համար: Այժմ դրանք ցածր են, բավարար չեն, և մենք ամեն ինչ անում ենք՝ դրան հասնելու համար»,- ասաց Տ.Խաչատրյանը՝ թվարկելով ձեռնարկվող քայլերը՝ որակյալ ենթակառուցվածքների ապահովում, հարկային պարզ վարչարարություն, եկմատային հարկը պետք է իջեցվի, շահութահարկի դրույքաչափն արդեն իջեցված է և այլն:
Տ.Խաչատրյանը թվարկեց միջազգային վարկանիշներում ՀՀ դիրքի փոփոխությունները՝ Մուդիս միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է ՀՀ վարկանիշը B1-ից B3, Հայաստանը մրցունակության համաշխարհային ինդեքսում դիքերը բարելավել է 1 կետով՝ 141 երկրների շարքում 69-րդն է, Հայաստանն առաջին անգամ գնահատվելէ ՏՀԶԿ/OECD կողմից վարվող՝ oտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների սահմանափակման ինդեքսի գնահատման համակարգում և այլն. «Մենք, որպես միջավայր, ամենաքիչ սահմանափակումներն ունենք օտարերկրյա ներդրողների նկատմամբ: Եվ մենք դիտարկվում ենք որպես սահամանփակումներ չկիրառող ռեժիմ»:
