ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր ճեպազրուցի ժամանակ խոսելով Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի մի հայտարարության մասին, որը նա արել է փախստականների հետ հանդիման ժամանակ մի քանի օր առաջ։
«Մեջբերեմ իր խոսքից, որ տարածքների ազատագրումից հետո դրանք կվերակառուցվեն և կկառուցվեն նոր բնակավայրեր, ինչպես եղավ ԼՂԻՄ-ի Շիրխարք բնակավայրի հետ, սա մեջբերումն էր իր ուղիղ խոսքից: Եթե ոմանք չգիտեն, Շիրխարք բնակավայրը դա Լեռնային Ղարաբաղի Մարաղա գյուղն է: Ադրբեջանի նախագահն իր խոսքում հիշատակում է Լեռնային Ղարաբաղի երբեմնի ծաղկուն, ամբողջությամբ հայկական հինգ հազար հայ բնակչություն ունեցող Մարաղա բնակավայրը, որի բնակչությունը 1992 թվականին ոչնչացվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, և բնակավայրը շարունակում է մնալ Ադրբեջանի օկուպացիայի տակ: Այժմ Ադրբեջանի նախագահը ի լուր աշխարհի նշում է, որ այդ բնակավայրը վերակառուցվել է և բնակեցվել է ադրբեջանցիներով»,- ասաց Աննա Նաղդալյանը:
Վերջինիս խոսքով հատկանշական է, որ Ադրբեջանի նախագահի կողմից այս հայտարարությունն արվում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման ադրբեջանական մոտեցման համատեքստում և ներկայացվում է որպես լուծման լավագույն տարբերակ և տեսլական։
Աննա Նաղդալյանը նշեց, որ իրականում հենց այս տեսլականի ներկայացումն է ի ցույց դնում, որ Ադրբեջանի մոտեցումն այն է, որ նա ցանկանում է Արցախն առանց իր բնիկ ժողովրդի և բնակչության։
Վերջինս նշեց, որ խնդրի կարգավորման Մարաղայի տարբերակի խրախուսումը բացահայտում է Ադրբեջանի ղեկավարության իրական մտադրությունը՝ ժողովուրդներին նախապատրաստել ոչ թե խաղաղության, այլև այլ ժողովուրդների նկատմամբ բռնության իրականացման։
«Սա առվել ընդգծում է Արցախի ժողովրդի ֆիզիկական էքզիստենցիալ անվտանգության հարցի նկատմամբ մեր առաջնահերթությունը և զգայունությունը։ Պետք է նշեմ, որ ՀՀ-ն և հայ ժողովուրդը երբևէ թույլ չի տա Արցախում նոր վայրագություններ, ցեղասպան նոր գործողություններ: Դրանց դիմակայումը համահայկական խնդիր է, որը լավագույնս ձևակերպվել է Ստեփանակերտում՝ Արցախի ժողովրդի առջև, օգոստոսի 5-ին, ՀՀ իշխանությունների կողմից ստանձնած հանձնառությամբ»։
