-1 C
Yerevan
17 Հունվարի, 2021
126144 By Google Analytics 16.01.2021
Գլխավոր » «Լիդիանի» գործողությունները պարունակում են քրեական բաղադրիչ․ Անդրիաս Ղուկասյան
Այլ Լուրեր

«Լիդիանի» գործողությունները պարունակում են քրեական բաղադրիչ․ Անդրիաս Ղուկասյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

New Armenia.am-ի  զրուցակիցն է հասարակական, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը։

-Պարո՛ն Ղուկասյան, երկու օր է, ինչ Ամուլսարում  իրավիճակը լարված է. առաջին օրն էլ Դուք ներկա էիք բողոքի ցույցին։ Ինչպե՞ս եք պատկերացնում այս հարցի լուծումը, հարցի վերաբերյալ կառավարության չեզոք դիրքորոշումն ինչո՞վ եք պայմանավորում։

-«Լիդիան» ընկերության միակողմանի քայլերից հետո սկսվեց լարված իրավիճակն Ամուլսարում։ Այդ ընկերության գործողությունների իրավական հիմնավորումը նույնպես վիճելի է։ Այն վիճարկվում է դատարաններում, քրեական վարույթ կա հողի վերաբերյալ այսինքն՝ այդ հատվածը, որի վրա տեղադրված էին քաղաքացիների վագոն-տնակները, իսկ հիմա ընկերության տնակներն են տեղադրված, ո՞ւմ է պատկանում։ Այս հարցի վերաբերյալ մինչ օրս չկա հստակություն։Այս պայմաններում քաղաքացիները ստիպված եղան դիմել անհնազանդության գործողությունների, ոստիկանությունն էլ կիրառեց անհամաչափ ուժ։ Բնակչության գործողությունները ներկայացվում են բացասական լույսի ներքո, այնինչ, դա՝ իրավական առումով, դասական ինքնապաշտպանություն է, և այդ գործողությունների համար քաղաքացիները չեն կարող ենթարկվել քրեական կամ որևէ այլ պատասխանատվության, քանի որ իրականացնում են իրենց օրինական շահերի պաշտպանություն, այդ թվում՝ պետական շահերի պաշտպանություն։ Դեռևս որևէ պատասխան իշխանությունների կողմից չեմ լսել, ոչ երեկ, ոչ դրա առաջին օրը կառավարությունը չի արձագանքում։

Ակտիվիստների առաջին պահանջն է, որ «Լիդիան» ընկերությունը ետ քաշի իր տնակները՝ որոշակի հեռավորության վրա, որպեսզի «Լիդիանի» մուտքի արգելափակումը չխոչընդոտի Ջերմուկի մայրուղու բնականոն աշխատանքը։

Կառավարության դիրքորոշումը գիտենք՝ ուզում է, որ «Լիդիանը» աշխատի, որովհետև դա օգուտ կբերի՝ ֆինանսական տեսանկյունից, կառավարությունը համարում է, որ բացասական հետևանքների համար պատասխանատու է լինելու այդ ընկերությունը, և կառավարությունը պատասխանատվության խնդիր չունի։ Եվ դրա համար կառավարությունը, որքան էլ դա ցինիկ հնչի, գրավել է հետևյալ դիրքորոշումը, թող աշխատի և թող «Լիդիանը» պատասխանատվություն կրի բոլոր բացասական հետևանքների համար, իսկ մարդիկ դժգոհ են այս դիրքորոշումից, որովհետև իրենց լինել, չլինելու հարցն է դրված։

Ձեր խոսքում նշեցիք ֆինանսական օգուտի և կառավարության պատասխանատվության բացակայության մասին, բայց կարծում եք, վերջիններս այդքան անհաշվենկա՞տ կլինեն և կհամաձայնե՞ն հանքի շահագործմանը՝ անտեսելով բնակչության պահանջներն ու բոլոր այն վտանգները, որոնք կառաջանան հանքի շահագործման հետևանքով։

-Երկու տարի է՝ այդ խնդիրը լուծում չի ստանում։ Կարող էին և կարող են լինել հետևյալ լուծումները․ 1) «Լիդիան» ընկերությանը տրամադրած թույլտվության կասեցումն է, որի հիմքերը հայտնաբերել է հենց ինքը կառավարությունը, երբ հարուցվել էր քրեական գործ՝ թույլտվության տրամադրման հետ կապված։ Եթե կառավարությունը չի գնում այդ ճանապարհով, նշանակում է, որ ցանկություն ունի, հովանավորում է այս նախագիծը և ամեն կերպ փորձում է այն առաջ տանել։ 2) Եթե տեղական ինքնակառավարման մարմիններն ու ակտիվ քաղաքացիները տեղում հանրաքվեի դնեին այս հարցը։ Տեսնում ենք, որ ՏԻՄ-ը ևս չի գնում նման քայլի և, ըստ էության, իրենց պասիվությամբ աջակցում են այս նախագծին։

Այսինքն՝ եթե չկա կառավարության մակարդակով որոշում, չկա ՏԻՄ-երի մակարդակով ինչ-որ գործողություն, մնում է քաղաքացիների բողոքի այս ձևը, որը չի կարող լուծում տալ խնդրին, բայց կարող է արգելք հանդիսանալ։ Այն, ինչ անում են քաղաքացիները, վերաբերում է բոլորիս, և հարկավոր է դրան աջակցել։

-Բողոքի ակցիայի առաջին օրը Դուք նշել էիք, որ եթե անհրաժեշտ լինի, Երևանում ևս կկազմակերպվեն բողոքի ակցիաներ, կփակվեն փողոցներ։ Եթե կառավարությունը շարունակի լռել, Երևանում կլինե՞ն բողոքի ակցիաներ։

-Մենք տեսնում ենք, որ ոստիկանությունը բավականին կոշտ մեթոդներով ցրում է ակցիաները և մինչև որոշակի փոփոխություններ, որոնք խոստացել է կառավարությունը՝ մեղմացնել սահմանափակումները հանրահավաքների մասով, կսպասենք, որպեսզի օգոստոսի 13-ից հետո որոշակի հող նախապատրաստվի ակցիաների համար։

-Հարցի հանգուցալուծումը, պարո՛ն Ղուկասյան, ո՞րն է լինելու։

-Իմ կարծիքով, «Լիդիանի» գործողությունները պարունակում են քրեական բաղադրիչ։ Այդ ընկերության գործողությունները  գտնվում են օրինականի և անօրինականի սահմանում, որը Հայաստանում իշխանապաշտպանություն է վայելում։ Եթե գործը հասնի դրան՝ քաղաքացիները պիտի նաև մտածեն, այդ ընկերության անօրինական գործողությունների մասին հավաքված փաստերն ու տեղեկությունները հասցնեն Կանադայի իրավապահ մարմիններին։ «Լիդիան» ընկերությունը իր մանիպուլիացիաներն իրականացնելու համար վերագրնցվեց Կանադայում և ընկավ կանադական իրավապահ մարմինների ուշադրության տակ, և նրանց գործողությունները՝ ըստ կանադական օրենսդրության, հանդիսանում են քրեական բաղադրիչ պարունակող գործողություններ, թե՛ ֆինանսական կառավարման ոլորտում, թե՛ այն ոլորտում, ինչը փորձում են անել բնապահպանական տեսակետից։ Ինչո՞ւ Կանադա, որովհետև Հայաստանը, ցավոք սրտի, դեռ իրավական պետություն չէ և անիմաստ է այստեղ նմանատիպ գործընթաց սկսել և հույս ունենալ, որ դրական արդյունքի կհասնես։

-Այսինքն՝ հստակ արձանագրո՞ւմ ենք, որ ՀՀ իշխանությունը աջակցում է «Լիդիան Արմենիա» ընկերությանն իր գործողություններում։

-Դա պարզ է, անզեն աչքով երևում է։ Կառավարության ո՞ր գործողությունը կարող է հակառակն ապացուցել, ես այդպիսի գործողություն չեմ տեսնում, իսկ այն, որ այս օրերին ընդհանրապես փորձում են կողք մնալ, հասկանալի է, որ դա քաղաքական տեխնոլոգիա է՝ ամեն կերպ շրջափակել ինֆորմացիայի տարածումը այս խնդրի վերաբերյալ։ Այսինքն՝ ինֆորմացիոն բլոկադայի ձևն է դա, կառավարությունն այդպես վարվում էր Սերժ Սարգսյանի ռեժիմի ժամանակ՝ անտեսում էր երկրում եղած խնդիրները և սահմանափակում էր ինֆորմացիայի տարածումը։ Սա վառ ապացույց է, որ կառավարությունը ունի կողմնակալ դիրքորոշում, եթե չունենար մենք այսօր կլսեինք կառավարության դիրքորոշումը կամ առաջարկը այս հարցի վերաբերյալ, բայց այդպիսի բան չեղավ։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Վ․ Մանուկյանը կարող է ապահովել իշխանության տրանզիտ՝ Ն․Փաշինյանից դեպի Ռ․Քոչարյան կամ Ս․ Սարգսյան․ Անդրիաս Ղուկասյան

Անի Գրիգորյան

16 ընդդիմադիր ուժերի դաշինք չկա, կա ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ ռևանշիստների դաշինք․ Անդրիաս Ղուկասյան

Անի Գրիգորյան

«Քանի դեռ Թուրքիայից ՀՀ պաշտպանությունը հանձնել ենք ՌԴ-ին, լիովին կախված ենք լինելու այդ երկրի քմահաճույքից». քաղաքագետ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին