Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Դատական նիստին Ռոբերտ Քոչարյանը չէր ներկայացել։ Դատավոր Աննա Դանիբեկյանը նիստի սկզբում տեղեկացրեց, որ գրություն է ստացվել դատարան Երևան -կենտրոն ՔԿՀ-ից, որով տեղեկացրել են, որ Ռոբերտ Քոչարյանը ստացիոնար հետազոտման և անհրաժեշտության դեպքում վիրահատության համար հոկտեմբերի 8-ին տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն։ Դատավորը նշեց, որ այլ տեղեկություններ այս պահին դատարանը չի ստացել։ Դատավորը դիեմց Քոչարյանի փաստաբաններին նրա մասին տեղեկություն ստանալու նպատակով։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արա Վարդևանյանը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է հոկտեմբերի 9-ին և այս պահին նրա հետվիրահատական վերականգնողական բուժումը շարունակվում է, և առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում կախված նրա բուժման ընթացքից և արդյունավետությունից նրա ներկայությունը դատական նիստերին դեռևս հնարավոր չէ։
Դատավորն էլ ասաց, որ հաշվի առնելով, որ Քոչարյանի բացակայությամբ գործի քննությունը հնարավոր չի շարունակել, դատական նիստը հետաձգվեց։ Բացի դա դատավորը նաև նշեց, որ հաշվի առնելով նաև այն, որ նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ բավարարել է Սեյրան Օհանյանի միջնորդությունը և թույլատրել է նրան հոկտեմբերին 18-ից նոյեմբերի 4-ը բացակայել երկրից, հաջորդ դատական նիստը նշանակեց նոյեմբերի 5-ին, ժամը 13:00-ին։
