Նեպալի և Չինաստանի իշխանությունները պայմանավորվել են համատեղ նորից չափել Էվերեստ լեռան բարձրությունը, որն աշխարհում ամենաբարձրն է (8848 մետր) և գտնվում է երկու պետությունների սահմանին: Այս մասին տեղեկացնում է «Ria novosti» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Times of India» թերթի հրապարակմանը:
Նման պայմանավորվածություն ձեռք է բերվել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի՝ հոկտեմբերի 12-13-ին Նեպալ այցի ընթացքում: Նոր չափման անհրաժեշտություն ծագել է մի շարք գիտնականների այն ենթադրության հիման վրա, որ լեռը կարող էր փոքրանալ 2015 թվականին Նեպալին պատուհասած խոշոր հզոր երկրաշարժի հետևանքով:
«Ճանաչելով Էվերեստ լեռը որպես Նեպալի և Չինաստանի միջև բարեկամության հավերժական խորհրդանիշ՝ կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը տարբեր բնագավառներում՝ ներառյալ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի պաշտպանության հետ կապված խնդիրները»,- ասված է Սի Ցզինպինի այցի արդյունքներով Նեպալի և Չինաստանի համատեղ հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Նեպալում հզորագույն երկրաշարժ՝ 7,9 մագնիտուդայով, տեղի է ունեցել 2015 թվականի ապրիլի 25-ին: Մոտավորապես երկու շաբաթ հետո երկրում տեղի ունեցավ նոր հզոր երկրաշարժ՝ 7,3 մագնիտուդայով: Երկու երկրաշարժերի հետևանքով զոհվեց մոտ 9 հազար, տուժեց ավելի քան 22 հազար մարդ:
