ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Ատոմյանն ԱԺ-ի դիմումը՝ կապված ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հետ, բացառապես իրավական հիմքով փաստաթուղթ է համարում։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ 4-5 իրավական հիմք կար ներկայացված։ Պատգամավորը՝ ՍԴ-ի կողմից դիմումը վարույթ չընդունելը սխալ է համարում։
«Կարող էր մերժել, բայց վարույթ ընդունելուց հետո։ Մեր ներկայացուցիչները կներկայացնեին մեր մոտեցումները, եթե այս ամենից հետո համարեին, որ իրավական հիմքերը թույլ էին, կարող էին մերժել։ Իմ գնահատմամբ՝ օրենսդիր մարմի կողմից ներկայացված դիմումը միանգամից մերժելը սխալ է»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ Ատոմյանը չի շտապում այլ գնահատակններ տալ՝ նշելով, որ երեք օրվա ընթացքում ՍԴ-ն պետք է ներկայացնի հիմնավորումներ, որին ծանոթանալուց հետո էլ կլինի հստակ գնահատական։
«Ենթադրություններ չեմ կարող անել, թե ինչ հիմքով են մերժել, բայց նրանք ինչ-որ ձևով կողմնակալ վերաբերմունք ենք դրսևորել»,- շարունակեց Ատոմյանը։
Պատգամավորը վստահեցրեց, որ խորհրդարանի մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունը ունի հեռահար մարտավարություն։
«Մենք մեր հետագա քայլերն ունենք, հեռահար մարտավարություն կա։ Եթե իրենք այս կերպ մերժում են, այսինքն՝ չեն քննարկում օրենսդիր մարմնի դիմումն, ապա մեր մյուս քայլերը կանենք»,- շեշտեց Ատոմյանը, բայց մանրամասները չներկայացրեց։
Հարցին՝ այդ քայլերի մեջ մտնում են ճնշումներ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատամամբ՝ պատգամավորը պատասխանեց․ «Ճնշումներ չկան, միայն իրավական գործընթաց»։
