
New Armenia.am – ի զրուցակիցն է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
-Պարո՛ն Խաչատրյան, ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է ուղեցույց, որի համաձայն պետք է դասերն ընթանան դպրոցներում։ Ինչպե՞ս եք գնահատում այս ուղեցույցը, քանի որ այն հասցրել է քննադատության ենթարկվել։
-Ուղեցույցի որոշ հատվածներ իմ իմացությունից դուրս են, և դրա մասին ավելի լավ կլինի հարցնեք առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին։ Իհարկե, նախարարության վիճակը բարդ է, որովհետև շատ պատասխանատու է այս իրավիճակում դպրոցներ բացելը, մանավանդ Հայաստանի պարագայում, որովհետև շատ լավ տեսանք, որ մեզ մոտ բավական դժվար է հակահամաճարակային կանոններ պահպանելը, և այդ նույն խնդիրն ունեն նաև մեր երեխաները։ Շատ կուզենայի, որ աստիճանական անցում անեինք, ոչ թե միանգամից բացեինք բոլոր դպրոցները։ Չեմ կարողանում հասկանալ տրամաբանությունը, որ բոլոր դպրոցները պետք է նույն օրը բացվեն։ Անհասկանալի է, թե ինչու մենք ճկուն չենք մտածում, օրինակ՝ ինչու հնարավոր չէր, ենթադրենք, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում սկսել հենց այսօրվանից։ Կամ ամսի մեկից կարելի էր բացել առաջինից չորրորդ դասարանները և գյուղերի փոքր դպրոցները, որպեսզի տեսնենք՝ ինչ է տեղի ունենում, ինչ խնդիրներ են առաջանում, ի վերջո որոշակի տեղական փորձ ձեռք կբերեինք դիմակների կրման հետ կապված՝ ինչ խնդիրներ են առաջանում, դրանից հետո ամսի տասնհինգից նոր միանային միջին և ավագ դասարաններն ու քոլեջները։ Ինչո՞ւ այս ձևով չենք անում։ Կառաջարկեի նաև դասամիջոցներն անել հնարավորինս սահուն, այսինքն՝ լողացող գրաֆիկ սահմանենք, որ դասերը սկսվեն հինգ րոպե տարբերությամբ, որպեսզի այդ դասամիջոցների ընթացքում հնարավորություն տանք երեխաներին գոնե միջանցք դուրս գալ, որովհետև ինձ համար շատ դժվար է պատկերացնել վեցը ժամ երեխային պահել դասրանի մեջ, այդ երեխան կուտակած էներգիան պետք է մի կերպ սպառի։ Սա լուրջ մտահոգություններ է առաջացնում, դրա համար գուցե պետք էր դասմիջոցները տարբեր ժամերի անել։ Դպրոցներն ունեն տարբեր մասնաշենքեր, հարկեր, չէ՞, գուցե այդ հարկում ամեն մի դասարան տարբեր ժամի անի, որ գոնե երեխաները կարողանան միջանցք դուրս գալ, կարծում եմ, ավելի լավ է երեխաները դուրս գան շփվեն, քան այդպես փակ մնան։
-Այնուամենայնիվ, կրթության որակի վրա այս կերպ անցկացվող դասապրոցեսն ինչպե՞ս կանդրադառնա։
-Կրթության որակի վրա, իհարկե, բացասական կանդրադառնա, որովհետև նախ կրճատվում են դասաժամերը, այլ խնդիրներ էլ են առաջանում, ամեն ինչ մնում է ինքնուրույն աշխատանքի վրա։
-Հնարավո՞ր է, որ դպրոցներն ավելի շուտ փակվեն, և կրկին անցում կատարենք հեռավար ուսուցման մեթոդին։
—Նայած, թե ինչ դեպքեր կլինեն, բնականաբար, շատ խնդիրներ են լինելու, գուցե անհրաժեշտություն կառաջանա որոշ դպրոցներ փակել, համենայն դեպս միջազգային փորձը ցույց է տալիս, որ պարբերաբար որոշ դպրոցներ, այնուամենայնիվ, փակվում են։
Քրիստինե Աղաբեկյան