13.1 C
Yerevan
25 Մարտի, 2023
245520 By Google Analytics 24.03.2023
Գլխավոր » Որքա՞ն սոցիալական աջակցություն տրամադրեց կառավարությունն արտակարգ դրության պայմաններում, և ովքե՞ր դարձան դրա շահառուները
Այլ Լուրեր

Որքա՞ն սոցիալական աջակցություն տրամադրեց կառավարությունն արտակարգ դրության պայմաններում, և ովքե՞ր դարձան դրա շահառուները

Հայաստանում շատերը համաճարակի բռնկման հետևանքով մնացին առանց եկամտի։ Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված շուրջ 25 միջոցառումներ իրականացրեց, որոնք նախատեսված էին միանվագ աջակցություն ցուցաբերելու՝ և՛ բիզնեսին, և՛ ընտանիքներին։ Սակայն սոցիալական միջոցառումներից օգտվելու խնդրի առջև կանգնեցին ոչ միայն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվածներն, այլև ստվերում օրավարձով աշխատողները, որոնց գործատուները չէին գրանցել։ 

Գետարգել գյուղի բնակչուհի Աննա Գրիգորյանը երեք անչափահաս երեխաների մայր է։ Երբ կորոնավիրուսի համաճարակը Հայաստանում ակտիվ փուլ մտավ, նա հղի էր, չորրորդ երեխային էին սպասում։

Մարտի 16-ին ՀՀ Կառավարությունն արտակարգ դրություն սահմանեց երկրում՝ պայքարելու կորոնավիրուսի դեմ։ Բազմաթիվ տնտեսվարողներ ժամանակավորապես դադարեցրեցին իրենց գործունեությունը, կանգնեց նաև շինարարությունը։

Աննան պատմում է, որ մինչ արտակարգ դրությունը ամուսինը  շինարարություն էր անում և օրավճարով էր վարձատրվում, իսկ ինքը տանը թխվածքների համար խմոր պատրաստելու պատվերներ էր վերցնում․ «Ոչ ես, ոչ էլ ամուսինս գրանցված աշխատողներ չէինք, ամուսինս մարտի 13-ից հետո չի ունեցել աշխատանք և հետևաբար չէր վարձատրվում»։

Գետարգել գյուղի բնակչուհին պատմում է, որ արտակարգ դրության հատկապես սկզբանական ժամանակահատվածում ընտանիքը շատ ծանր վիճակում է հայտնվել․ «Գյուղի խանութից մարտ, ապրիլ ամիսներին նիսյայով 45000 դրամի սնունդ էինք վերցրել։ Մի քանի անգամ  զանգել եմ 114 թեժ գծին, որպեսզի ճշտեմ, թե կառավարության կողմից հաստատված աջակցության միջոցառումներից որից կարող եմ օգտվել, նշեցի, որ հղի եմ, սակայն ինձ ասացին, քանի որ ես նպաստառու եմ, և ոչ ես, ոչ էլ ամուսինս գրանցված աշխատողներ չենք, միջոցառումներից չենք կարող օգտվել»։

Կառավարության կողմից սահմանված յոթերորդ միջոցառմամբ շահառու էր հանդիսանում այն հղի կինը, ով 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ արդեն իսկ չուներ աշխատանք և ում ամուսինն ազատվել էր աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում և չէր անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում, ինչպես նաև միջոցառումից կարող էր օգտվել նաև միայնակ հղի կինը, ով 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չէր ունեցել աշխատանք:

Դեռևս մարտ ամսին, ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ երբ ՀՀ վարչապետին բարձրաձայնեցին ստվերում օրավարձով աշխատողներին աջակցություն տրամադրելու հարցը, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ-ում չկա «օրավարձով աշխատող մարդ» հասկացություն, կա «գրանցված աշխատող» և «չգրանցված աշխատող», և այս իրավիճակում գրանցված աշխատողներն զգալու են իրենց կարգավիճակի առավելությունը, որովհետև պետությունը կարողանում է իրենց գտնել, տեսնել որտեղ են աշխատում, վերջին երկու ամսում մարդը ինչքան եկամուտ է ունեցել ու ինչից է զրկվել, և որքան օգնություն պետք է նրան պետությունը տրամադրի։ Վարչապետն անդրադառնալով ստվերում օրավարձով աշխատողներին՝ նախ հարց ուղղեց, թե հիմա ինչպես կառավարությունն իրենց գտնի, այնուհետև չբացառեց, որ նրանք կամ ընդգրկված կլինեն «Փարոս» համակարգում  կամ գրանցված կլինեն որպես գործազուրկ, և այս պետական համակարգերի շրջանակում հնարավոր է՝ օգնություն ստանան։ 

Աննայի խոսքով՝ թեպետ նախարարությունից իրեն ասել են, որ յոթերորդ միջոցառման շահառու լինելու համար պետք է գրանցված ու աշխատանքից դուրս եկած աշխատող լիներ իր ամուսինը, այնուամենայնիվ պարզել է, որ իր անունը կա շահառուների ցուցակում, իսկ իններորդ միջոցառումից չի կարողացել օգտվել նպաստառու լինելու պատճառով։

«Իններորդ միջոցառմամբ յուրաքանչյուր երեխայի համար տրամադրում էին 26.500 դրամ, բայց ես՝ որպես նպաստառու, չկարողացա այդ ծրագրից օգտվել, միայն մեկ ամիս որոշում կայացվեց, որ նպաստառուների գումարը պետք հիսուն տոկոսի չափով ավելանա, բայց 36.000 դրամի յոթանասուն տոկոսն ստացա, քանի որ երեսուն տոկոսը հոսանքի համար փոխանցվեց»,-նշեց նա։ 

Յոթերորդ միջոցառմամբ Աննային ապրիլ ամսին փոխանցել են 100.000 դրամ, որից 45000 դրամով խանութի պարտքն է փակել, քանի որ խանութից այլևս իրենց պարտքով սնունդ չէին տալիս։

Աննան հավելեց, որ սննդի և հիգիենայի պարագաներ ստացել է բարեգործական կազմակերպություններից՝ ՀՕՖ-ի աջակցությամբ ՍՕՍ մանկական գյուղերից, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանն է  սննդի փոքրիկ տոպրակ ուղարկել։ 

Գետարգել գյուղի բնակչուհին ընդգծում է, որ եթե բարեգործական կազմակերպություններից չաջակցեին սնունդով ու հիգիենիկ պարագաներով, ապա միայն այդ միջոցառումների աջակցությամբ չէին կարողանա ընտանիքը պահել։

«Հիմա էլ այդքան լավ կարգավիճակում չենք, ամուսինս կարող է տասը օր աշխատի, հետո տասը օր աշխատանք չլինի»,-ասաց նա ու ցավով նշեց, որ չորրորդ հղիությունն անհաջող ավարտվեց՝ երեխան մահացած ծնվեց։

Newarmenia.am-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանն ասաց, որ Նախարարությունը տասնմեկ միջոցառում է իրականացրել, սակայն այդ միջոցառումներից ոչ մեկով սոցիալական կարիքի գնահատում չի իրականացվել․ «Բայց տասը, տասնմեկ,  տասներկուերորդ ծրագրերով նպաստառու ընտանիքների կոմունալ վճարներն են փոխհատուցվել»։

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տեղեկատվության՝ նախարարությունն իրականացրել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանն ուղղված 11 ծրագիր, որոնցից 4-րդ, 6-րդ, 7-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ ծրագրերի դեպքում քաղաքացիները դիմում գրելու կարիք չեն ունեցել: Շահառուների ցանկերը նախարարությունը, կառավարության որոշմամբ սահմանված կարգով, ստացել է ՊԵԿ-ից, Առողջապահության նախարարությունից, իսկ մյուս դեպքերում շահառուները եղել են նպաստի համակարգում ընդգրկված քաղաքացիները, որոնց ցուցակներն առկա են նախարարությունում:

8-րդ, 9-րդ, 20-րդ և 22-րդ միջոցառումների շրջանակներում աջակցություն ստանալու համար քաղաքացիները դիմումներ են ներկայացրել online.ssa.am կայքում՝ սահմանված ձևաչափով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը մեզ նաև տեղեկացրեց, որ քաղաքացիներից օգնություն ստանալու ակնկալիքով զանգեր են ստացել՝ օրինակ միայնակ տարեցներից, հաշմանդամություն ունեցողներից, կամ այն քաղաքացիներից, որոնք ուղղակի այդ պահին սննդի կարիք են ունեցել, և նրանց ուղղորդել են նախարարության գործընկեր ՀԿ-ներ․ «Մարտ-մայիս ամիսներին համագործակցել ենք տեղական և միջազգային շուրջ քսան հասարակական կազմակերպությունների հետ, որոնց միջոցներով սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ ենք տրամադրել շուրջ ութսունմեկ հազար անձանց՝ միայնակ տարեցներ, հաշմանդամություն ունեցողներ, ինչպես նաև մեր թեժ գիծ զանգահարած և բնաիրային աջակցություն խնդրած անձանց»։

Սոնա Մարտիրոսյանի խոսքով՝ նախարարության հետ համագործակցող ՀԿ-ների շարքում եղել են ՀՕՖ-ը, «Վորլդ Վիժն Հայաստանը», Կարմիր Խաչի կազմակերպության ինչպես Հայաստանյան գրասենյակը, այնպես էլ միջազգային կարմիր խաչը, «Հայաստանի առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն, USAID, «Առաքելություն Հայաստան»-ը, Հայկական Կարիտասը, «Իմ քայլը» հիմնադրամ, «Ապագա» հիմնադրամը, UNDP և այլն։

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակն ընդգծեց նաև, որ այս կազմակերպությունների միջոցով տրամադրված բնաիրային աջակցությունը չի տրամադրվել պետության կողմից ֆինանսավորման միջոցով, այլ հենց բարեգործական օգնություն է եղել։ Իսկ Կառավարությունը բնաիրային աջակցության համար ֆինանսավորումը տրամադրել է մարզպետարաններին։

Երևանի բնակչուհի, բազմազավակ մայր Քրիստինե Ավետիսյանը հինգ երեխաների մայր է, երեխաներից միայն մեկն է չափահաս և սովորում է համալսարանում։

Քրիստինեն պատմում է, որ ինքը գրանցված աշխատող չէ, պարզապես տարբեր անձանց տներում մաքրություն է իրականացնում և այդ պատճառով չի կարողացել օգտվել կառավարության կողմից սահմանված աջակցության միջոցառումներից, իսկ համաճարակի ժամանակ չի ունեցել աշխատանք՝ ասում է՝ մարդիկ վախենում էին կանչեին իրենց տուն։

«Թաղապետարանից, ՀՕՖ-ից,  «Դիակոնիա» բարեգործական կազմակերպությունից սնունդ ու հիգիենայի պարագաներ ենք ստացել։ Մեկ ամիս նպաստին գումար ավելացավ։ 46.000 դրամ նպաստ եմ ստանում, որին մեկ ամիս ավելացավ տասնվեց հազար դրամ և  հինգ հազար դրամ հոսանքի գումար են վճարել, իսկ ամուսինս ընդհանրապես չի աշխատել»,-ասում է Քրիստինեն ու բավական առույգ ձայնով նշում, որ հունիս ամսից արդեն լավ աշխատում է։

«Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը հունիս ամսին ՀՀ-ի վեց մարզերում հարցում է իրականացրել իր շահառուների՝ հիմնականում աղքատ ընտանիքների շրջանում։ Ըստ հարցումների՝ 46.7 տոկոսի աշխատանքը տուժել է համաճարակի բռնկումից հետո, 44.6 տոկոսի տնտեսական վիճակն է տուժել և միայն 25 տոկոսը որևէ կերպ չի տուժել համաճարակի բռնկումից հետո։

«Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ընտանիքների աղքատության հաղթահարման ծրագրի ղեկավար Վահե Դարբինյանը, դեռևս օգոստոսի 26-ին «Հոդված 3» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ներկայացնելով հունիս ամսին կորոնավիրուսի ազդեցությունը գնահատելու նպատակով կազմակերպության շահառուների շրջանում հարցումների արդյունքում իրականացված վերլուծությունը` նշեց, որ 47 տոկոսի մոտ նվազել է եկամուտը. «Հարցվածների 47 տոկոսը նշել են, որ կամ աշխատատեղն են կորցրել, կամ եկամուտը փոքրացել է համավարակի հետևանքով, թե այդ 47 տոկոսը աղքատության որ սեգմենտում է հայտնվել` դա այլ հարց է, բայց փաստ է, որ 47 տոկոսի մոտ նվազել է եկամուտը»: Ըստ «Վորլդ Վիժն Հայաստան»-ի կատարած վերլուծության` թեպետ հարցվածների 54.1 տոկոսն օգտվել է պետության կողմից տրամադրվող աջակցության ծրագրերից, այնուամենայնիվ հավարակի ընթացքում բարեգործական կազմակերպություններից օգտվողների թիվը մեծացել է:

«Ըստ հարցումների նախքան COVID-19 համավարակը 100 ընտանիքից միայն տասներեքն էին ստանում օգնություն բարեգործական կազմակերպություններից, իսկ համավարակի բռնկումից հետո 100 ընտանիքից քսանչորսն են ստանում օգնություն կազմակերպություններից»,-հավելեց «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ընտանիքների աղքատության հաղթահարման ծրագրի ղեկավարը։ Կազմակերպության հարցումներն անդրադարձել են նաև անկանոն աշխատանքից ստացած եկամուտներին՝ նախքան համավարակը ամեն չորրորդ ընտանքին էր այդ ձևով եկամուտ ստանում, իսկ համավարակից հետո ամեն տասներորդ ընտանիքը։ Սննդի կարիքները գնահատելուց պարզ է դարձել, որ հարցվածների 82.8 տոկոսը մասամբ է կարողանում, կամ չի կարողանում հոգալ սննդի հարցը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացված 4, 6, 7, 8, 9, 13, 20, 22 միջոցառումների արդյունքում օգոստոսի 14-ի դրությամբ՝ 463,020  քաղաքացի արդեն իսկ օգտվել են ծրագրերից, որոնց համար պետությունը տրամադրել է 19,525,189,204  դրամ, և ևս 482,580 քաղաքացու համար բանկում նույն օրվա դրությամբ հասանելի է եղել 20,436,358,457 դրամ։

Նարա Մարտիրոսյան

Նյութը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի մեդիա ծրագրի շրջանակներում «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի» ֆինանսական աջակցությամբ:

Նմանատիպ Հոդվածներ

1 մլրդ 412 մլն դրամ կտրամադրվի 15 սուբվենցիոն ծրագրերի՝ կառավարության մասնաբաժինը վճարելու համար

Սերինե

Կառավարության նիստը՝ ուղիղ

Սերինե

Վերանորոգման աշխատանքներ՝ կառավարությունում. «Հրապարակ»

Սերինե
Բեռնում.....